Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անհիմն կամ հարկադրված կալանավորումների թիվը կկրճատվի. կառավարությունը ներդնում է տնային կալանքի ինստիտուտը  

Անհիմն կամ հարկադրված կալանավորումների թիվը կկրճատվի. կառավարությունը 
ներդնում է տնային կալանքի ինստիտուտը
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որը ներկայացրեց «Քրեական դատավարության» նոր օրենսգրքով նախատեսված խափանման նոր միջոցները, որոնք կգործեն 2022 թվականի հուլիսի 1-ից:

«Ներկայումս գործող օրենսդրական իրավակարգավորումների համաձայն շատ ու շատ քիչ են այնպիսի խափանման միջոցները, որոնք իրապես կարող են այլընտրանք հանդիսանալ կալանավորմանը: Կառուցվածքային տեսանկյունից նոր օրենսգրքով հետևյալ մոտեցումն ենք որդեգրել` խափանման միջոցներն են կալանքը, իսկ այլընտրանքային խափանման միջոցները` տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը, դաստիարակչական և զինվորական հսկողությունը: Այսինքն` ի սկզբանե կալանքը դիտարկվում է որպես ծայրահեղ խափանման միջոց և եթե մնացած այլընտրանքային խափանման միջոցների շարքում չգտնվի այնպիսի խափանման միջոց, որը հնարավորություն կտա ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ապա նոր միայն որպես վերջին միջոց դիմելու ենք կալանքին»,- ասաց Սարգսյանը:

Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել  դատավորի որոշմամբ նշված բնակության տարածքը:

«Այսինքն` եթե անձը բնակվում է x հասցեում, և դատարանը որոշում է նրա նկատմամբ նշանակել տնային կալանք խափանման միջոց, ապա մեղադրյալը պարտավոր է չլքել նշված բնակության տարածքը, ինչը հնարավորություն է տալիս չգտնվել Քրեակատարողական հիմնարկում, այլ գտնվել սեփական տանը, իհարկե, զրկված լինելով որոշակի իրավունքներից: Օրինակ` դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող են արգելվել նաև ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում` փոստային առաքումից, շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց»,- նշեց Սարգսյանը:

Ըստ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի` տնային կալանքով նախատեսված սահմանափակումները պետք է իրապես ապահովեն տվյալ անձի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև հանրային շահերի համաչափ պաշտպանությունը:

«Այս դեպքում պարզապես անձին պահել տնային պայմաններում և ոչ մի այլ սահմանափակումներ չկիրառել, տնային կալանքը պարզապես չի կարողանա իրացնել իր առջև դրված նպատակները: Այդ պատճառով նախատեսվում են նման սահմանափակումները»,- հավելեց Սարգսյանը:

Տնային կալանք կիրառելու դեպքում դատարանի որոշման մեջ նշում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվելու է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը: Սարգսյանը հայտնեց, որ  մեղադրյալը հնարավորություն է ունենալու զանգահարել շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն, ինչպես նաև կապ հաստատել վերահսկողություն իրականացնող մարմինների հետ: «Այսինքն՝ հաղորդակցությունն իսպառ չի արգելվելու»:

Խոսելով վերահսկողություն իրականացնող մարմնի մասին` ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ասաց, որ այն վերապահվելու է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող պրոբացիայի ծառայությանը:

«Ծառայությունը պետք է իրականացնի թե տնային կալանք, թե վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը: Ինչո՞ւ հենց պրոբացիայի ծառայությունը, որովհետև հիմնականում այդ կառույցն է իրականացնում ազատությանը այլընտրանք հանդիսացող մի դեպքում խափանման միջոցների, մյուս դեպքում պատժատեսակների կատարումը: Ըստ այդմ, օրենսդիրը որոշել է այդ պարտականությունը դնել պրոբացիայի ծառայության ուսերի վրա»,- նշեց Սարգսյանը:

Թե տնային կալանքը, թե վարչական հսկողություն խափանման միջոցները պետք է իրականացվեն էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:

«Պետք է լինեն որոշակի սարքավորումներ, որոնք հստակ ցույց կտան վերահսկողություն իրականացնող մարմնին, որ եթե, օրինակ, կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, ապա մեղադրյալը գտնվում է կոնկրետ այն հասցեում, որը նշված է դատարանի որոշմամբ, որպեսզի հետագայում կարողանան հստակ կողմնորոշվել` արդյոք անձը խախտե՞լ է իր վրա դրված պարտականությունները, թե ոչ: Օրինակ` տնից դուրս է եկել, այցելել է անձանց, այս դեպքում բնական է, որ էլեկտրոնային հսկողության միջոցները տալու են ճիշտ պատկերը անձի տեղաշարժի, և ըստ այդմ պրոբացիայի ծառայությունը հանդես կգա համապատասխան միջնորդությամբ»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով վարչական վերահսկողությանը՝ Սարգսյանը նշեց, որ այդ խափանման միջոցով կսահմանափակվեն մեղադրյալի տեղաշարժը և գործողությունները:

«Այս պայմաններում անձը պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ այցելել դատարանի որոշման մեջ նշված իրավասու մարմին: Իրավասու մարմինը կրկին պրոբացիայի ծառայությունն է հանդես գալու: Օրինակ` անձը շաբաթը երեք անգամ պարտավոր է գնալ և ներկայանալ Պրոբացիայի ծառայություն և ըստ այդմ, բնականաբար, կհամարվի պարտականությունները կատարած: Այստեղ նույնպես նախատեսված են սահմանափակումներ, օրինակ` կարող է արգելվել առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, համայնքը, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջանը, այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր, հաղորդակցվել որոշակի անձանց հետ, օրվա որոշակի ժամին լքել բնակության վայրը և այլն, այսինքն` այնպիսի սահմանափակումներ են, որոնք կրկին, կոնկրետ դեպքով պայմանավորված, կոնկրետ անձով պայմանավորված դատարանը կարող է որոշել սահմանափակումներ»,- ավելացրեց Սարգսյանը:

ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ընդգծեց` մեղադրյալը թե տնային կալանքի, թե վարչական հսկողության դեպքում պարտավոր է մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք: Եթե իրավասու մարմինը տարբեր ազդանշաններով ցանկանում է հաղորդակցվել տվյալ շահառուի հետ, ապա նա պարտավոր է արձագանքել դրան:

«Արդեն իսկ ձեռնարկում ենք որոշակի քայլեր թե տնային կալանքը, թե վարչական հսկողության միջոցների կիրառման համար տեխնիկական և ենթակառուցվածքային հագեցվածությունը ապահովելու ուղղությամբ, որը թույլ կտա պրոբացիոն ծառայողներին իրապես արդյունավետ կերպով իրականացնել հսկողություն մեղադրյալների նկատմամբ: Այս պահի դրությամբ էլեկտրոնային հսկողության միջոց ասելով նկատի ունեմ ոտնաշղթայի կամ ձեռնաշղթայի տարբերակը, իսկ տնային կալանքի դեպքում ունենք տեղադրվող սարք, որն ապահովում է կապ տնային շրջագծի և շղթայի միջև և երբ անձը դուրս գա տնից, միանգամից ազդանշանային համակարգով կհասկանանք, որ անձը խախտել է իր վրա դրված պարտականությունները»,- նշեց Սարգսյանը:

 ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը հայտնեց, որ այս պահի դրությամբ ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ, որոնք հատկացված են էլեկտրոնային հսկողության միջոցներ ձեռք բերելու համար:

«Ներկայումս տարբեր ընկերությունների հետ քննարկել ենք սարքավորումների տարբեր տեխնիկական բնութագրեր, որպեսզի հասկանանք իրապես ինչ բնութագիր է անհրաժեշտ, որպեսզի մի դեպքում տնային կալանքը, մյուս դեպքում վարչական հսկողությունը կարողանանք պատշաճ կերպով իրականացնել: Ընդ որում, թե ներպետական են, թե արտասահմանյան, նաև երկար տարիների փորձառություն ունեցող ընկերությունների հետ ենք քննարկել այս հարցը: Ներկա փուլում վերջնականացնում ենք այն տեխնիկական առաջադրանքը, որը պետք է լինի մրցույթի համար: Բնականաբար, գնումների գործընթացով ենք անցնելու և ունենալու ենք մրցույթ, մրցույթում հաղթող ընկերությունն արդեն առաջիկայում կկարողանա ապահովել մեզ համար ապահովել թե ենթակառուցվածքներով, թե տեխնիկական միջոցներով:  Չի բացառվում, որ մինչև տարեվերջ կկարողանանք ունենալ բոլոր միջոցները և կարող ենք դիտարկել գործող օրենսդրության պայմաններում  տնային կալանքի նախատեսման հնարավորությունը՝ չսպասելով նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն, որպեսզի ավելի շատ փորձառություն ունենանք այդ խափանման միջոցի կիրառման տեսանկյունից»,- տեղեկացրեց Սարգսյանը:

Այլընտրանքային խափանման միջոցները ներդնելիս ուսումնասիրվել է թե եվրոպական, թե ամերիկյան երկրների փորձը, որոնք բավականին արդյունավետ կիրառել են էլեկտրոնային հսկողության միջոցները:

«Գաղափարը հետևյալն է. էլեկտրոնային հսկողության միջոցները իրապես կարողանում են ապահովել այլընտրանք կալանավորմանը և նաև ֆինանսական տեսանկյունից պետության բեռը բավականին թեթևացնում են, որովհետև շատ ավելի մեծ գումարներ է ծախսում պետությունը մեկ անձի վրա մեկ օրում նրան քրեակատարողական հիմնարկում պահելով, քան թե կիրառում է էլեկտրոնային հսկողության միջոցները, և օրավարձի տեսանկյունից ունենում ենք համապատասխան ֆինանսական միջոցների հատկացում: Այսինքն` 3-4 անգամ թանկ է պետության համար անձին պահել քրեակատարողական հիմնարկում, քան եթե նա գտնվի տնային կալանքի ռեժիմում կամ վարչական հսկողության ռեժիմում: Դա է պատճառը հիմնականում, որ պետությունները դիմում են այս լուծմանը և կիրառում են էլեկտրոնային հսկողության միջոցների համակարգը:

Ունենք նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարական՝ ուղղված անդամ պետություններին, որտեղ կրկին էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը բավականին խթանվում է:  Կա նաև պետություններին հանձնարարական, որ հնարավորինս շատ դիտարկեն այդ միջոցների կիրառումը, որովհետև այն իրապես այլընտրանք կարող է հանդիսանալ կալանավորմանը»,- ասաց Սարգսյանը:

ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը նշեց նաև, որ տնային կալանքը  անվճար լինել չի կարող, այն որոշակի ռեսուրսներ է պահանջում, սակայն ԵԽ նախարարների կոմիտեն նշում է, որ եթե անգամ անձը չունի ֆինանսական բավարար միջոցներ, ապա դա երբեք չի կարող պատճառ հանդիսանալ, որ տվյալ խափանման միջոցը չկիրառվի մեղադրյալի նկատմամբ:

«Այս դեպքում ֆինանսական բեռը դրվում է ոչ թե մեղադրյալի, այլ պետության վրա»,- հավելեց Սարգսյանը:

ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ընդգծեց` պետության խնդիրն է անհիմն կամ հարկադրված կալանավորումներ չլինեն, որովհետև կալանքն այն ծայրահեղ խափանման միջոցն է, որն ամենաինտենսիվ միջամտությունն է ենթադրում անձի իրավունքների դաշտում:

Հունիսի 30-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նաև նախատեսվում են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]