Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Քաղաքական պայքարը բավականին սուր էր, և դա արտացոլվել է լրատվամիջոցներում. ԵՄԱ նախագահ

Քաղաքական պայքարը բավականին սուր էր, և դա արտացոլվել է լրատվամիջոցներում. 
ԵՄԱ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Նավասարդյանը նշեց, որ մշտադիտարկումն անցկացրել են երեք փուլով. առաջին փուլը` ներառում էր մինչև պաշտոնական քարոզարշավի սկիզբը (մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը), երկրորդ փուլը` բուն պաշտոնական քարոզարշավի ընթացքը (հունիսի 7-18-ը), երրորդ փուլը` հետընտրական ընթացքը (հունիսի 20-ից սկսած):

«Կենտրոնացել էինք 7 ամենամեծ տարածումը ունեցող  լրատվամիջոցների վրա, որոնք իրենց կարգավիճակով հանդիսանում են համապետական հեռարձակողներ` 6 հեռուստաալիքը (Հանրային, «Արմենիա», «Շանթ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» և «Ա ԹԻՎԻ» հեռուստաընկերությունները), ինչպես նաև Հանրային ռադիոն»,- ասաց Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով` քաղաքական պայքարը բավականին սուր էր, և դա արտացոլվել է լրատվամիջոցներում, ինչը պայմանավորված էր և´ ընդհանուր հասարակական, քաղաքական մթնոլորտով, և´ նաև աննախադեպ թվով կուսակցությունների ու դաշինքների մասնակցությամբ:

Երևանի մամուլի ակումբի նախագահը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ուսումնասիրված լրատվամիջոցները բավականին ակտիվ և հնարավորինս հավասարակշռված հնարավորություն էին տալիս ծանոթանալ քաղաքական ուժերի հետ:

«Սուր պայքարի պայմաններում մեր ուսումնասիրած լրատվամիջոցներն աշխատում էին հնարավորինս բացառել ատելության խոսքը, վիրավորական արտահայտությունները ռեպորտաժներում՝ միևնույն ժամանակ փոխանցելով այն բովանդակությունը, որ կար նախընտրական հանրահավաքների կամ միջոցառումների ժամանակ: Դա մենք համարում ենք դրական երևույթ: Իմաստը և բովանդակությունը փոխանցվում էր, բայց առանց այն բառապաշարի, որը ցանկալի չէ, որպեսզի ընդհանրապես այդ պայքարում լիներ: Դա պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք էր»,- եզրափակեց Նավասարդյանը:

Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը իր հերթին ներկայացրեց փաստերի ստուգման նախաձեռնությունների դերը ընտրողների կողմնորոշման գործում, իսկ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց, թե նախընտրական քարոզչության մասնակիցներն ինչպես են օգտագործել սոցիալական ցանցերը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]