Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիմֆոնիկ նվագախումբն ու 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը համերգ կնվիրեն Միրզոյանի 100-ամյակին

Սիմֆոնիկ նվագախումբն ու 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը համերգ կնվիրեն 
Միրզոյանի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Համերգը տեղի կունենա հուլիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյին հանդես կգա ազգությամբ հայ 15-ամյա դաշնակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովը:

Նա կկատարի Լյուդվիգ Վան Բեթհովենի թիվ 3 դո մինոր Դաշնամուրի կոնցերտը, երկ 37: Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Սիմֆոնիան գոսերի և լարայինների համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և կինոերաժշտությունը:

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին ներկայացնում ենք նրա սիմֆոնիան, որն առաջին անգամ մեր նվագախումբը կատարել է Բեռլինում, ինչից հետո պետությունը որոշեց, որ մեր նվագախումբը պետք է լինի պետական»,-հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերգեյ Սմբատյանը:

Խոսելով մենակատար Դմիտրի Իշխանովի մասին՝ դիրիժորը շեշտեց, որ Իշխանովը բավականին հայտնի է, հանդես է գալիս տարբեր նվագախմբերի, դիրիժորների հետ և ներկայացրել է Մալթան պատանի երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթում. այդ մրցույթի ամենակրտսեր մասնակիցն է եղել:

Դմիտրի Իշխանովը, որը ևս ներկա էր հանդիպմանը, պատմեց՝ երաժշտությամբ սկսել է զբաղվել երեք տարեկանից: «Ինձ երաժշտարվեստ է բերել իմ դայակը, չնայած՝ ծնողներս դեմ էին: Սկզբում երգում էի, հետո էլեկտրական դաշնամուր էի նվագում: Ծնվել եմ Մոսկվայում, իսկ հետո տեղափոխվել Մալթա: Երբ հասկացանք, որ լրջորեն եմ զբաղվելու երաժշտությամբ, որոշեցինք մեկնել Քյոլն, որտեղ ավելի մեծ հնարավորություններ կան»,- նշեց դաշնակահարն ու հավելեց, որ վերադարձել է Մալթա՝ դպրոցն ավարտելու, իսկ առաջիկայում պատրաստվում է կրթությունը շարունակել Զալցբուրգում:

Դմիտրի Իշխանովը շատ է սիրում կատարել Շոպենի, Բեթհովենի,  ստեղծագործությունները: Շոպենին սրտի կոմպոզիտոր է համարում, իսկ Բեթհովենին՝ տրամաբանության: Սիրում է Եվգենի Կիսինի և այլ հայտնի դաշնակահարների  կատարումները և փորձում է իր ձեռագիրն ունենալ:

Անդրադառնալով Սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգին՝ Իշխանովն ասաց, որ հուզականորեն հագեցած երեկո է սպասվում: Նա Սերգեյ Սմբատյանին վաղուց է ճանաչում և սիրով է համագործակցելու Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am