Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզը զգալի հաջողություններ ու առաջընթաց է արձանագրել առողջապահության ոլորտում

Գեղարքունիքի մարզը զգալի հաջողություններ ու առաջընթաց է արձանագրել 
առողջապահության ոլորտում

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով առողջապահության ոլորտին,  մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ  վերջին մեկ տարվա ընթացքում մարզի առողջապահական  համակարգը գործել է գերծանրաբեռնված ժամանակացույցով, ինչը պայմանավորված է եղել համավարակով եւ Արցախյան պատերազմով:  Սեւանի եւ Մարտունու բժշկական կենտրոններում  ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության  բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունքներ, Վարդենիսի հիվանդանոցում եւ Մարտունու բժշկական կենտրոնում պատերազմի օրերին մատուցվել են հոսպիտալային ծառայություններ:

«2021թվականից  «Գավառի ԲԿ»-ն համալրվել է նոր  մասնագետներով: Ամեն շաբաթ Երեւանից այստեղ  հրավիրվում  են բարձրակարգ մասնագետներ եւ կազմակերպվում են Բաց դռների օրեր: Առ այսօր սպասարկվել է մոտ 700 այցելու։ «Սեւանի ԲԿ»-ում  էխոսրտագրություն, դուպլեքս սպիրոմետրիա, գաստրոսկոպիա հետազոտությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում։ «Մարտունու ԲԿ»-ում վերանորոգվել են մի շարք կաբինետներ, որոնք հարմարավետություն են ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար,  ձեռք է բերվել 40 խմ /ժամ հզորությամբ թթվածնային ստացիոնար կայան, որը կապահովի մարզի բուժհիմնարկների պահանջարկը: Ներդրվել է էխոկարդիոգրաֆիայի ծառայություն: Այն ունի նաև անոթների գերձայնային` դուպլեքս հետազոտության հնարավորություն: Ձեռք է բերվել վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարք: «Մարտունու ծննդատանը» թարմացվել են բուժգործիքների մոտ 30 տոկոսը:  «Վարդենիսի պոլիկլինիկան» ձեռք է բերել ԷԿԳ-ի նորագույն ապարատ, LOR բժշկական սարքավորումների հավաքածու:  «Վարդենիսի հիվանդանոցը», համագործակցելով  «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ՝  ձեռք է բերել 33 ֆունկցիոնալ մահճակալներ: Հիվանդանոցն ապահովվել է    3 արեւային ջրատաքացուցիչներով: Մարզի  մի շարք բուժհիմնարկներում  եւս իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, ձեռք է բերվել գրասենյակային գույք, շտապօգնության ավտոմեքենաներ,  լաբորատոր ժամանակակից  սարքավորումներ, անցկացվել են նոր ջրագծեր: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի  աջակցությամբ վերջերս տրվեց   Սեւանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեության մեկնարկը»,- նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]