Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզում ընթանում է ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզում ընթանում է ամառային զորակոչը

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից այս օրերին բանակ են զորակոչվում նորակոչիկները։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային  նախապատրաստության բաժնից, Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը անցած կիրակի  համընկել է Հայրավանքի ուխտի օրվա հետ: Այդ առիթով նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությունը կատարվել է Հայրավանքի եկեղեցում:

Արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ:

Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը   նորակոչիկներին մաղթել է առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ:

Նորակոչիկների օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ուխտի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանքի եկեղեցի է բերվել Տիրոջ Սրբազան Խաչափայտի մասունքները:Օրհնության արարողությունից հետո նորակոչիկները հաղորդակցվել են  Մասունքի հետ եւ հոգևոր դասի կողմից ստացել փոքրիկ աղոթագրքեր ու սրբապատկերներ:

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամները մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքից հանդիսավորությամբ բանակ են ճանապարհել նորակոչիկների հերթական խմբին։ 2021 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչեւ օգոստոս ամիսը:

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]