Արցախ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները Կառավարության դիմաց նստացույց են սկսել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները Կառավարության դիմաց նստացույց են սկսել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը, ովքեր հունիսի 23-ից անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ, Գործադիր մարմնից և անձամբ վարչապետի պաշտոնակատարից պահանջում են վերադարձնել նրանց հայրենիք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքի ձայնը ցանկանում են լսելի դարձնել նաև միջազգային կառույցներին։

«Մեր տղաներն այնտեղ միայնակ են և անօգնական։ Կոչ եմ անում միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ գործիքներ կիրառեն, որպեսզի պահպանվի օրինաչափությունը և իրավական գործընթաց սկսվի ընդդեմ Ադրբեջանի։ Այդ երկիրը խախտում է մի շարք միջազգային պայմանավորվածություններ»,- նշեց Տիգրան Ամբարդարյանը։

Նա շեշտեց, որ հունիսի 23-ին՝ երեկոյան, հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն չցանկացավ մեկնաբանել հանդիպման մանրամասները։

Տիգրանը միայն ընդգծեց, որ հստակ արդյունք չեն ստացել, այդ պատճառով շարունակում են նստացույցը նաև հունիսի 24-ին։

Մեկ այլ գերիի ծնողն էլ ասաց, որ «Կարմիր խաչի» ընկերության միջոցով խոսել է որդու հետ, ով ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է։

«Նամակ էլ ենք ստացել «Կարմիր խաչի» միջոցով, ինչպես նաև՝ տեսաերիզներ։ Որդուս հետ 2 անգամ խոսել եմ, ասում էր, որ լավ է, բայց…»,- նշեց ծնողը և հավելեց, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որպեսզի մի փոքր էլ սպասեն։

Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում