Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Արմենպրես»-ի տնօրենը հանձնեց «Տարվա PR իրադարձություն» անվանակարգի հաղթողի մրցանակը

«Արմենպրես»-ի տնօրենը հանձնեց «Տարվա PR իրադարձություն» անվանակարգի 
հաղթողի մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային կապերի մշակույթը Հայաստանում որոշակի անկում է ապրել, ուստի ներկայում, առավել քան երբևէ, կարևորվում է հանրային կապերի և գրագետ հաղորդակցության դերը. այսպես է գնահատել ոլորտում 2020թ. տեղի ունեցած փոփոխությունները «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

«Բոլոր ճգնաժամերն առաջանում են ոչ գրագետ հաղորդակցությունից: Եվ այսօր, առավել քան երբևէ կարևորվում է հանրային կապերի և հաղորդակցության դերը: Այդ իսկ պատճառով մենք այստեղ հավաքվել ենք արժևորելու և գնահատելու հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներին, հանրային և քաղաքական գործիչներին, որոնք իրենց ներդրումն ունեն հանրային կյանքում և գրագետ հաղորդակցության մեջ», - միջոցառման մեկնարկին հայտարարեց Ավետիսյանը:

«Հայկական PR ասոցիացիան» այս տարի դառնում է 15 տարեկան: Այն արդեն մի քանի տարի շարունակ անցկացնում է «Հայկական PR մրցանակաբաշխություն»՝ արժևորելով հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներին և հանրային ու քաղաքական գործիչներին: Հունիսի 7-ին Երգի պետական թատրոնում տեղի է ունեցել «Հայկական PR մրցանակաբաշխության» հոբելյանական՝ 5-րդ հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել մի շարք անվանակարգերի հաղթողներին:

Մրցանակաբաշխության արդյունքներով «Տարվա լրատվամիջոց» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթը՝ «Կյանքը՝ սահմանի եզրին» նախագծի համար: Իսկ «Սփյուռքի տարվա լրատվամիջոց» անվանակարգում հաղթեց լիբանանահայ «Ազդակ» օրաթերթը:

«Տարվա մշակութային PR» մրցանակը շահեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը: Իսկ «Տարվա PR նախաձեռնություն» անվանակարգում լավագույնը «Տերյան» մշակութային կենտրոնն էր:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Տարվա PR իրադարձություն» անվանակարգում առաջադրվել էին Evocabank-ը՝ Հայաստանում առաջին դրոններով շոու նախագծով, ՀՀ կառավարությունը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված վիրտուալ երթով, ու Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատունը՝ «Կոմիտասի սուրբ պատարագ» ձայնասկավառակի թողարկմամբ:

Լավագույնն այս անվանակարգում ճանաչվեց երրորդ նոմինանտը:

Մրցանակը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի նախկին դեսպան  Տիգրան Մկրտչյանին հանձնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը:

«Ինձ համար մեծ պատիվ ու բավականություն է այս նոմինացիան հայտարարելը, որովհետև այս անվանակարգում հաղթող է ճանաչվել բացառիկ մարդ, բացառիկ մտավորական և բացառիկ դիվանագետ Տիգրան Մկրտչյանը»,- ասաց «Արմենպրես»-ի տնօրենը:

Տիգրան Մկրտչյանն էլ իր հերթին ընդգծեց՝ կրկնակի ուրախ է, որ մրցանակն իրեն հանձնեց իր շատ լավ բարեկամ և ընկեր Արամ Անանյանը, որի հետ, ի դեպ, դեսպանատունը մի շարք միջոցառումներ է իրականացրել բալթյան երկրներում:

Անդրադառնալով «Կոմիտասի սուրբ պատարագ» նախագծին՝ նախկին դեսպանը տեղեկացրեց, որ այն սկիզբ է առել 2019 թ. սեպտեմբերի 18-ին, երբ հայկական դեսպանությունը կազմակերպել է Կոմիտասի սուրբ պատարագի համերգային կատարումը Լատվիայի ռադիոերգչախմբի հետ միասին և Հայաստանի Օպերային թատրոնի մեներգիչների մասնակցությամբ:

«Կոմիտասի սուրբ պատարագը, որը գրված է արական երգչախմբի համար, ժամանակակից հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը մեր խնդրանքով, հատուկ այդ միջոցառման նպատակով, փոխադրել էր խառը երգչախմբի համար, և առաջին անգամն էր երբևէ, որ Կոմիտասի սուրբ պատարագը օտար երգչախումբը կատարում էր և այնուհետ ձայնագրում ձայնասկավառակի վրա, որը կատարեց Delos ամերիկյան ընկերությունը», - նշեց Տիգրան Մկրտչյանը:

«Հայկական PR ասոցիացիան» մրցանակ էր նախատեսել նաև «Տարվա նորարարական PR» անվանակարգի համար: Հաղթեցին արհեստական բանականություն ունեցող առաջին հայկական ռոբոտի՝ Ռոբինի պատրաստողները:

«Տարվա հրապարակային գործիչ» անվանակարգում հաղթեցին միանգամից երկու հոգի՝ Արցախի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը և արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը, որոնց մրցանակը հանձնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում այս տարի առաջադրել էին երեք թեկնածուի՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մրցանակը շահեց Ռոբերտ Քոչարյանը:

Նախքան մրցանակը երկրորդ նախագահի ներկայացուցչին հանձնելը «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը շեշտեց, որ այս տարվա մրցանակաբաշխության օրը, որը նախանշվել էր դեռ մեկ տարի առաջ, պատահաբար է համընկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ, և խնդրեց այս մրցանակը չասոցացնել նախընտրական արշավի հետ:

Մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հաղթել է երկու անվանակարգում` «Տարվա պետական կառույց», «Տարվա PR պատասխանատու»: Մարդու իրավունքների պաշտպանին մրցանակաբաշխությանը ներկայացրել է և նաև «Տարվա PR պատասխանատու» մրցանակին արժանացել է Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

Փորձագիտական ուսումնասիրության, ինչպես նաև թիրախային լսարանի համար նախատեսված հարցումների արդյունքների հիման վրա Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգրկվել է «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում:

Մրցանակներ են շնորհվել նաև մի շարք այլ անվանակարգերում հաղթողներին:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս 2017թ. հաղթող է ճանաչվել «Տարվա լրատվամիջոց» անվանակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am