Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թատրոնի կուռքը. Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի…

Թատրոնի կուռքը. Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի…

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւի հայ դերասաններից ամենաերջանիկների թվին եմ պատկանում, որ կինոյում եւ թատրոնում գործ եմ ունեցել հայ, ռուս, օտարազգի բազմաթիվ ռեժիսորների եւ անթիվ դերասանների հետ: Առանց հատուկ ցանկության, առանց ճիգի, նրանք ազդել են ինձ վրա: Նրանց թվում խիստ կարեւոր եմ համարում հայ թատրոնի իմ կուռքերին՝ Վահրամ Փափազյանին եւ Վարդան Աճեմյանին:

Փափազյանը մի ամբողջ դպրոց էր: Նրա հետ հանդես եմ եկել եւ «Կորրադոյում», եւ «Համլետում», եւ «Օթելլոյում», երբեմն՝ ընդամենը մի քանի խոսքով, երբեմն՝ դերով, բայց անհարմար եմ զգում ասել, որ խաղացել եմ Փափազյանի հետ: Փափազյանի հետ խաղալ անհնար էր: Կողքից նա այնպիսի հիացմունք էր պատճառում իր խաղընկերներին, որ շեղում էր նրանց ուշադրությունը, թույլ չէր տալիս ներշնչվել, ինքնամոռաց կերպով ձուլվել կերպարին: Չեմ հիշում դերասան, որ նրա կողքին խաղար, թերեւս, բացառություն էր կազմում Հրաչյա Ներսիսյանը…»:

Ֆրունզիկ ՄԿՐՏՉՅԱՆ

 

1968 թ. հունիսի 5-ին հեռավոր Լենինգրադում դադարեց բաբախել ժամանակի մեծագույն հայերից մեկի՝ հանճարեղ Վահրամ Փափազյանի սիրտը: Արտիստ, որ 20-րդ դարասկզբին հանդես էր եկել իտալացի մեծահամբավ դերասաններ Էրմենտե Ջակոնիի եւ Էրմենտե Նովելլիի շրջիկ թատերախմբերում, խաղացել աշխարհահռչակ դերասանուհիներ Էլեոնորա Դուզեի, Սառա Բեռնարի հետ՝ փառավորելով իր ու իր ազգի անունն ու պատիվը:

Հայ բեմի կուռքը ծնվել է 1888 թ. հունվարի 18-ին՝ հայ հանճարներով սերմնառատ Կոստանդնուպոլսում: Նախ սովորել է ծննդավայրի թաղային դպրոցում, ապա Նարեկյան վարժարանում եւ Մխիթարյան նախակրթարանում: 1903 թ. ավարտել է Էսայան վարժարանը, այնուհետեւ՝ Գատըգյուղի քոլեջը, երկու տարի ուսանել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան կրթօջախում:

Փափազյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թ., Կոստանդնուպոլսում՝ Քինի դերով (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին կամ հանճար եւ անառակություն»): 1907 թ. մեկնել է Փարիզ, ապա՝ Այսրկովկաս՝ Շիրվանզադեի եւ Հովհաննես Աբելյանի խորհրդով, մի քանի ամիս խաղացել Բաքվի հայկական թատերախմբերում: 1908-11 թթ. սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում:

Շեքսպիր, Օթելլո. այս դերն առաջին անգամ մարմնավորել է միլանյան ուսումնառությունից առաջ՝ 1908-ին, ծննդավայր քաղաքում: Դեր, որ նրան ուղեկցելու էր շուրջ կես դար: Հայատառ մամուլը դերասանին բնութագրելու էր որպես Պետրոս Ադամյանի արժանավոր հետեւորդի: Ի նշան այդ արժանավորության, հանդիսավորությամբ Փափազյանի ուսերին են գցել մեծն Ադամյանի վերարկուն…

1909-1913 թթ. խաղացել է Զմյուռնիայի եւ Կոստանդնուպոլսի թատերախմբերում, այնուհետեւ՝ Թիֆլիսի արտիստական եւ Բաքվի հայկական դրամատիկական թատրոններում հանդես եկել Սիրանույշի, Աբելյանի եւ Հովհաննես Զարիֆյանի հետ, արժանացել մեծ ճանաչման ու համբավի:

Էռնեստո Վահրամ ծածկանունով 1917-20 թթ. դերասանը Մոսկվայում եւ Յալթայում նկարահանվում է Ալեքսանդր Խանժոնկովի մի քանի կինոնկարներում՝ «Սիրո երկրում», «Գայթակղություն», «Այրին», «Պոետը եւ ընկած հոգին», «Դոկտոր Կատցել», «Կյանք ու երազ», «Երկրաշարժ» եւ այլ ֆիլմեր:

Փափազյանի վերջին այցը ծննդավայր 1920-ին էր: Երկու տարի լինելով այստեղ՝ խաղում է հայկական դրամատիկական խմբերում, անձնավորում Ուրիել Ակոստայի (Կարլ Կուցկովի «Ուրիել Ակուստա») եւ Օսվալդի (Հենրիկ Իբսենի «Ուրվականներ») դերերը: Իսկ 1922 թ. մեկ թատերաշրջան, որպես դերասան, աշխատում է Երեւանի առաջին պետթատրոնում՝ խաղալով գլխավոր դերեր՝ Կառլ Մորրի (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Հայնրիխի (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»): Բեմադրում է Շեքսպիրի «Օթելլո», Դյումա-հոր «Քին», Ժան Բատիստ Մոլիերի «Դոն Ժուան», Կառլ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Բեռնարդ Շոուի «Սատանի աշակերտը» պիեսները՝ կրկին գլխավոր դերակատարումներով:

1922-26 թթ. նորից Թիֆլիսի եւ Բաքվի թատրոններում է: Երկու տարի լինելով Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ բեմադրում է Շեքսպիրի «Մակբեթը», Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Չարենցի «Կապկազ-թամաշան», Շիրվանզադեի «Մորգանի խնամին»:

1928 թվական. Օթելլոյի դերով հանդես է գալիս Մոսկվայում՝ Փոքր թատրոնի նշանավոր դերասանների խաղընկերությամբ: Ռուսական մամուլը նրան համարում է մեծագույն ողբերգակներից մեկը թատրոնի պատմության մեջ: Իսկ մեծահամբավ ռեժիսոր Վլադիմիր Նեմերովիչ-Դանչենկոն անկեղծանում է. «Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի: Հմայիչ արտաքին, գեղեցիկ պլաստիկա, վարակող ավյունի բռնկումներ ու ազնիվ ճաշակ…»:

Այնուհետեւ՝ ելույթներ Պետերբուրգում, ռուսական թատերախմբերի հետ բեմական հրավառություններ Ռիգայում, Տալլինում, Կաունասում, 1932-ին՝ Փարիզ, ներկայացումներ տեղի Հայ դրամատիկի հետ, «Օդեոն» թատրոնի դերասանների հետ «Օթելլոն»՝ ֆրանսերենով: Ֆրանսիական մամուլը Փափազյանի Օթելլոն գնահատում է որպես բացառիկ երեւույթ՝ արտիստին դասելով շեքսպիրյան դերերի մեծագույն վարպետների շարքը:

1934-41 թթ. դերասանն իր կազմակերպած ռուսական թատերախմբերով շրջագայել է Անդրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներում, Հայրենական պատերազմի տարիներին մնացել է պաշարված Լենինգրադում, ներկայացումներ տվել զինվորների համար:

1954 թ. Փափազյանը հաստատվում է Երեւանում, որպես դերասան աշխատանքի անցնում Սունդուկյանի անվան պետթատրոնում: Հայ բեմում նրա վերջին՝ Մեք Գրեգորի դերը՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում, խաղացել է որպես կյանքի իրական վիճակ՝ իր հրաժեշտը բեմին…

Աստվածատուր շնորհով օժտված դերասանը խաղացել է նաեւ մի քանի հայկական ֆիլմերում՝ «Ուրվականները հեռանում են լեռներից», «Մսյո Ժակը եւ ուրիշները», «Սիրտն է երգում»: Սակայն միայն հզոր դերասան չէ Փափազյան արվեստագետը. նրա գրողական տաղանդը գրեթե ոչնչով չի զիջում արտիստականին: Ասվածն են վկայում երկհատորյա «Հետադարձ հայացք» եւ «Սրտիս պարտքը» սքանչելի գրքերը: Այսուհանդերձ, բեմի տիրակալ դառնալն էր նրա կոչումը: «Իմ տեսած այն մեծատաղանդ արտիստներից է Վահրամ Փափազյանը, որին բեմի վրա տեսնելով զգում ես եւ խորապես համոզվում, որ, իրոք, աշխարհի հնագույն թատերական կուլտուրա ունեցող ժողովուրդներից է հայ ժողովուրդը»,- ասել է հայ գեղանկարչության նահապետը՝ Մարտիրոս Սարյանը:

Այսպես են խոսում մեծերը մեծերի մասին: Մեծարում են, բայց նրա սիրտը դառնացած էր: Լսենք նրա խոսքը. «Ի՞նչ է իմ վիճակը այժմ, Ռուսաստանում այդպես չէր: Այնտեղ ինձ ավելի լավ էին հասկանում ու գնահատում: Բոլորն անկեղծ էին, առանց դիմակի: Այստեղ ժողովուրդը սիրում ու գնահատում է թե ինձ եւ թե իմ արվեստը, սիրում է հայկական ջերմությամբ, շնորհակալ եմ: Բայց չեմ տեսնում թատրոնի որոշ մարդկանց գնահատումը: Բոլորն էլ ժպտում են ինձ հետ խոսելիս, լավ-լավ խոսքեր շռայլում, բայց զգում եմ, որ անկեղծ չեն: Մի մասը չի թաքցնում վերաբերմունքը. ես նրանցից ավելի գոհ եմ: Գիտես, որ մարդը քեզ չի սիրում, գուցեեւ հիացած չէ քո արվեստով, գուցե նա է իրավացի. կան արվեստի տարբեր ընկալումներ: Ավելի սարսափելի են մյուսները, այն մարդիկ, որոնք երեկ քեզ հետ սեղան նստած ժպտացել են, այսօր բամբասում են: Գուցե ես էլ մեղավոր եմ, կարծիքներս մատուցարանի վրա մատուցող մարդ եմ, որից ոմանք խայթվում են, վիրավորվում: Թող հետեւեն իմ օրինակին, հրապարակավ քննադատեն, վիճեն…»:

Դառնանում ես, երբ չնչինները դառնացնում են ազգիդ փառքերին, երբ կուռքերդ դառնացած են վերանում ի երկինք…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am