Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Մեկուկես ժամում Լոռիում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի փայտանյութով 19 բեռնատար. նախապատրաստվում են նյութեր

Մեկուկես ժամում Լոռիում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի փայտանյութով 19 
բեռնատար. նախապատրաստվում են նյութեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 2021 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 03։00-ից 04։30-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Լոռու մարզի վարչական տարածքում հայտնաբերվել և զննության է ենթարկվել թվով 19 տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոց: Զննության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 84 խմ ծավալով առերևույթ ապօրինի փայտանյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ստուգմամբ պարզվել է, որ նշված փայտանյութը տեղափոխած անձինք չունեն դրանց ձեռքբերման վերաբերյալ համապատասսխան փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանել հայտնաբերված փայտանյութի իրական քանակին, ինչպես նաև ներկայացվել են վաղեմությամբ հին փաստաթղթեր։

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ հայտնաբերված տրանսպորտային միջոցները և ամբողջ փայտանյութը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանումների հատուկ պահպանվող տարածքներ։

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների ընթացակարգով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթացներ։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]