Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա լուծման վերաբերյալ փոխըմբռնում. Թորոսյան

Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա լուծման վերաբերյալ փոխըմբռնում. 
Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ սահմանային իրավիճակի լուծման հարցով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի՝ Մոսկվա այցին ու բանակցություններին՝ Թորոսյանը վստահեցրեց. «Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են: Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել և հստակ շեշտադրումներ են արվել: Եվ դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք. ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու՝ մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր Զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի ինտենսիվության վրա:

«Մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ լուծման վերաբերյալ, թե ինչպիսի լուծում պետք է լինի: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի: Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանին»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ոչ բոլոր մանրամասներն են, որ անհրաժեշտ է միանգամից հանրայնացնել, դա կարվի ազգային շահերից ելնելով:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նա վստահեցրեց, որ Զանգեզուրի կամ որևէ այլ «միջանցքի» մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել և չեն անելու, դա որևէ փաստաթղթով նշված չէ ու չի նշվելու:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]