Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզի քաղաքապետը հոկտեմբերին կայցելի Երևան. Նիկոլ Փաշինյանի և Անն Իդալգոյի հանդիպումը

Փարիզի քաղաքապետը հոկտեմբերին կայցելի Երևան. Նիկոլ Փաշինյանի և Անն 
Իդալգոյի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:  

Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց առաջին հանդիպումը և նկատել, որ այն, ինչ նախորդ հանդիպմանը պայմանավորվել են, կյանքի է կոչվել: Վարչապետի պաշտոնակատարը հատկապես ընդգծել է Փարիզում Թումո կենտրոնի բացման փաստը: «Տիկին քաղաքապետ, հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ  Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:

Անն Իդալգոն կարևորել է իր առաջիկա այցը Երևան և վստահություն հայտնել, որ Երևանի քաղաքապետի հետ կկարողանան քննարկել ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ:

Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ: «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց  ցեղասպանության քրեականացման ուղղությամբ»,- ասել է Անն Իդալգոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am