Տնտեսություն

Արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրելի կդառնա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

Արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրելի կդառնա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի լիցենզիա:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ կառավարությունը 2021-ի փետրվարի 4-ին ընդունել է տնտեսական արձագանքման ծրագիրն ու գործողությունների պլանը, որով նախատեսվում է նոր բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծում: Այս ամենով պայմանավորված՝ Հայաստանում արտադրական կանեփի մշակության և վերամշակման գործունեության իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել իրականացնել որոշ օրենսդրական փոփոխություններ:

«Թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփը նախատեսված է բացառապես գյուղատնտեսության և արդյունաբերական նպատակներով: Արտադրական կանեփի ատադրությունը ներառում է մշակաբույսի մշակությունը և կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ: Կանաբիդոլի յուղը լայն կիրառում ունի կոսմետիկ արտադրության, ինչպես նաև բժշկության ոլորտում»,-ասաց Գաբրիելյանը:

Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Լիցենզիաները տրամադրվելու են մինչև 10 տարի ժամանակով: Լիցենզիայի տրամադրական համար սահմանվում են հստակ պահանջներ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու է: Սահմանվելու են նաև պետական տուրքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում