Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Երևանի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորությունները

Երևանի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամ Գևորգ 
Աճեմյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա մանդատը ստացել էր 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու հրաժարականից հետո:

«Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու՝ 2020 թվականի դեկտեմեբերի 22-ի, 2021 թվականի փետրվարի 9-ի, մարտի 16-ի և ապրիլի 20-ի հերթական նիստերին: Այստեղ կան նաև քաղաքական հիմքեր՝ կարծում եմ, որ բոլորիս համար անընդունելի է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով՝ արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը»,- այս մասին հայտնեց Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան այլ անդամներ ևս, ովքեր արդեն ավելի երկար ժամանակ է, ինչ չեն մասնակցում նիստերին, և ցանկացավ ճշտել, իրավակա՞ն, թե քաղաքական հիմքեր ունի որոշումը:

Գալջյանը շեշտեց, որ որոշումն ավելի շատ իրավական հիմք ունի և ընդգծեց, որ մյուս ավագանու անդամների հետ պետք չէ համեմատել, քանի որ Գևորգ Աճեմյանն անգամ Հայաստանում չի բնակվում:

«Աճեմյանը հայտարարել էր նաև, որ ինքը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից»,- ասաց Գալջյանը:

Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանը նշեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Աճեմյանը ներկա չէր նաև ավագանու 6-րդ նստաշրրջանի 4-րդ նիստին:

Որոշումն ընդունվեց 37 «կողմ«, 5 «դեմ« և 2 «ձեռնպահ« ձայներով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]