Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դատախազը 11 տարվա ազատազրկում պահանջեց Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության համար

Դատախազը 11 տարվա ազատազրկում պահանջեց Գյումրիում մանկահասակ երեխայի 
սպանության համար

ԳՅՈՒՄՐԻ, 20  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մայիսի 20-ին շարունակվեց Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ մեղադրող կողմին լսելը, դատարանը տեղեկացվեց, որ ինչպես նախորդ նիստին, այս նիստին ևս ներկա չէ տուժողի իրավահաջորդը, ով դատարան գրություն էր ներկայացրել, որ երկրից բացակայում է և համաձայնություն էր տվել՝ դատական նիստերն անցկացնել առանց իր ներկայության:

Այսօրվա նիստին, դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Ջոն  Հայրապետյանի գլխավորությամբ, նախ վիճաբանությունների փուլում լսեց գործով վկաների ինչպես դատավարական, այնպես էլ  նախաքննական ցուցմունքները: Նշվեց, որ Անի Մինասյանը իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է դատարանի դահլիճում ցուցմունք տալուց: Իր  նախաքննական ցուցմունքում ամբաստանյալը նշել է, որ այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով: Դատախազ Արտյոմ Ավետիսյանը ընթերցեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը: «Ցուցմունքներից ակնհայտ է, որ ամբաստանյալը կատարել է  ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք՝ սպանել է իր մակահասակ, անօգնական դստերը՝ առանց խղճի խայթ զգալու ոտնձգություն է կատարել իր երեխայի կյանքի նկատմամբ: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երեխային աղբամանի մեջ դնելուց հետո լսվել է վերջինիս լացի ձայնը, սակայն, նույնիսկ դա հետ չի պահել մորը այդ հանցավոր արարքը կատարելուց: Ավելին, անտեսելով դա, հեռացել է, ինչը դուրս է մարդկային բանականությունից: Անի Մինասյանը, նախաքննության ընթացքում, իր կողմից կատարած առանձնակի ծանր հանցագործությունն արդարացնելու համար նշել է, որ այդ քայլը կատարել է, քանի որ ունեցել է ֆինանսական խնդիրներ և չի կարողացել երեխային պատշաճ խնամել»,- նշեց դատախազը՝ տեղեկացնելով, որ երեխային կյանքից զրկելը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլ նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածին:

«Անի Մինասյանը, մայր լինելով, երեխայի նկատմամբ չի դրսևորել գորովանք, կարեկցանք, այլ փորձել է իր խնդիրները լուծել երեխային սպանելով: ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսվող արարաքը նույն օրենսգրքի 19 հոդվածի համաձայն համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի  համար,  որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով: Պատիժ նշանակելիս պետք  է հաշվի առնել կատարած արարքի հասարակական վտանգավորության աստճանը, պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Անի Մինասյանի դեպքում, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բացակայում են: Վերջինս թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում կատարվածի համար զղջալու գեթ մեկ նշույլ անգամ չի ցուցաբերել: Իսկ որպես  ծանրացնող հանգամանք կարելի է մատնանշել, որ վերջինս  հանցանք  է կատարել մանկահասակ երեխայի նկատմամբ, ով գտնվել է անպաշտպան և անօգնական վիճակում: Անի Մինասյանի պարագայում, պատժի նպատակներից մեկի՝ սոցիալական արդարության  վերականգնումը, չի կարող լինել իրատեսական՝ այն պարզ պատճառով, որ առկա է անդառնալի կորուստ՝ երեխայի մահը: Վերը նշվածից ելնելով ու Անի Մինասյանի արարքը որակելով հիմնավորած, մեղադրական եզրակացություն համար գործով հավաքված ապացույցները՝ բավարար... դատարանին միջնորդում եմ ամբաստանյալ Անի Մինասյանին մեղավոր ճաաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար և նրան դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով: Որպես խափանման միջոց ընդունված կալանավորումը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Անի Մինասյանի նկատմամբ պատժի սկիզբը հաշվել կալանքի տակ գտնվելու պահից»,- նշեց դատախազը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին:

Ըստ մեղադրական եզրակացության, Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին, ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ. Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով երեխան մահացել է: 2019 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին, կայացած դռնբաց դատական նիստում որոշվել էր մեղադրյալ Անի Աշոտի Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am