Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Գյումրիում անցկացվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ- փառատոնը

Գյումրիում անցկացվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-
փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 14-ին «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային 9-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգին հայտարարվեցին ժյուրիի բարձր գնահատականին արժանացած պարային խմբերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ից Գյումրու «Սև բերդ» ամրոցում, հանրապետական պարային 9-րդ մրցույթ-փառատոնի լավագույնի կոչմանն արժանանալու համար պայքարեց 45 համույթ՝ հանրապետության 6 մարզի 15 և ավելի համայնքներից: Փառատոնը կրում էր «Ի սեր հայի ու հայկականի» խորագիրը:

Յուրաքանչյուր համույթ մրցութային փուլին ներկայացել էր ազգային պարերի երկու կատարմամբ: «Շիրակի էսքիզներ-9»-ի մրցութային հատվածին մասնակցում էին հանրապետությունում գործունեություն ծավալող մանկապատանեկան պարային խմբերն ու համույթները: Մրցույթն անցկացվեց 3 տարիքային խմբերում՝ 8-12 տարեկաններ, 12-16 և 16-ից բարձր: Մասնագիտական ժյուրին մասնակից պարային համույթներին գնահատեց գնահատման հետեւյալ համակարգով՝ հագուստի եւ երաժշտության ընտրություն, բեմադրություն և կատարողական վարպետություն:
«Շիրակի էսքիզներ» փառատոնը նպատակ ունի մի կողմից բացահայտել մարզում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու քարոզչությանը: «Հանրապետական այս մրցույթ փառատոնն անցկացվում է 9-րդ անգամ, առաջին անգամ մենք սկսել ենք 5 պարային համույթից ու, եթե, հետադարձ հայացք ենք նետում 3 կամ 4 տարի առաջ այս իրադարձության շուրջ հավաքված պարային համույթների քանակին  և որակին, և փորձում ենք համեմատել, ապա անվարան պետք է ասենք, որ փառատոնը տասն անգամ՝  և՛ աշխարհագրական, և՛ քանակական, և՛ որակական աճ է գրանցել: Այս անգամ ժյուրին 90 և ավելի կատարում է նայել և դրանք բոլորը եղել են ազգային պարեր՝ ժողովրդական  և ազգագրական: Մենք ի սկզբանե ենք ասել՝ փառատոնին պետք է մրցեն բացառապես ազգային պարերով, ինչն առավել քան խորհրդանշական է հատկապես հիմա»,-նշեց փառատոնի կազմակերպիչ, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝  հավելելով՝ «Շիրակի էսքիզներ»-ը նաև առանձնանում է նրանով, որ ոչ միայն փառատոն է, այլ մրցույթ, որտեղ կա հստակ գնահատման համակարգ և որտեղ ուշադրություն է դարձվում ինչպես հագուստներին, այնպես էլ բեմադրական ու կատարողական վարպետությանը:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչները վստահեցնու են՝ հաջորդ՝ 10-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը, ընդլայնվելու բոլոր նախադրյալներն ունի:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]