Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Լավրովի երևանյան այցի հիմնական շեշտադրումները

Լավրովի երևանյան այցի հիմնական շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանեց Երևան: Մայիսի 6-ին նա հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Չնայած նրան, որ այցը աշխատանքային էր՝ Լավրովը այցելեց նաև Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:

Հարկ է նշել, որ սա Լավրովի առաջին այցն էր տարածաշրջան Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած ուժային վերադասավորումները՝ ՌԴ ԱԳՆ այցը սխալ կլինի պայմանավորել միայն հայ-ռուսական օրակարգով. այն պարունակում էր ուղերձներ նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրներին:  

Ս. Լավրովի երևանյան այցի օրակարգում կարևոր տեղ էին զբաղեցնում մի քանի կարևոր թեմա՝ անվտանգություն, հետպատերազմական իրավիճակ, հայ ռազմագերիների վերադարձ, COVID-19 և այլն: Առավել մանրամասն անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

ՌԴ ԱԳՆ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների շրջանակներում առանցքային թեմաներից մեկը անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացում էր: Ս. Լավրովը Երևանում արձանագրեց, որ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման երաշխիքը ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։ Նման ուղերձը բավական կարևոր է՝ հաշվի առնելով մի կողմից Էրդողանի տարածաշրջանային հավակնությունները, մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահի կողմից վերջին շրջանում Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի վերաբերյալ ռազմատենչ հայտարարությունները: Սյունիքում 102-րդ ռազմաբազայի երկու հենակետերի տեղակայման ֆոնին Երևանում արված այդ ոչ պատահական շեշտադրումը կարելի է ընկալել որպես Բաքվին և Անկարային ուղղված նախազգուշացում և հայ-ռուսական ռազմավարական դաշինքի կարևորության արձանագրում:

Ուշադրության կենտրոնում գտնվող մեկ այլ թեմա էլ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցն էր, ինչի հետ կապված Մոսկվան բավական ակտիվ է՝ փաստացի ստանձնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերակատարում։ Ըստ ռուսական կողմի՝  տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակումը կարևոր է և անհրաժեշտ՝ ընդհանուր հետպատերազմական իրավիճակի կարգավորման և տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Թեմայի վերաբերյալ Երևանում Լավրովը արեց մեկ այլ կարևոր շեշտադրում՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի համատեղ որոշմամբ ստեղծված փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովը նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ փոխշահավետության հիմքով: Սա, ըստ էության, պատասխան էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե իբր, եթե Հայաստանը չհամաձայնվի «Զանգեզուրի միջանցքին», ապա Ադրբեջանը «կպարտադրի ուժով»:

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ՌԴ ԱԳ նախարարը կարևորեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մեկնարկը համանախագահների հովանու ներքո, սակայն առաջնային համարելով ընթացիկ հարցերը՝ երթուղիների, տարածաշրջանի կապերի, շփման գծի, սահմանազատման և սահմանագծման հարցերը՝ ընդգծելով, որ պետք չէ քաղաքականացնել գործընթացը: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանն այս փուլում նախապատվություն է տալիս գործնական, փոխվստահության ձևավորմանն ուղղված քայլերին՝ գերադասելով դրանք քաղաքական հարցերից:

Հետպատերազմական իրավիճակի հետ կապված թերևս կարևորագույն հարցը գերիների վերադարձն է: Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը «չի նվազեցնի ջանքերն՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձին»: Հուսադրող էին նաև Ն․ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ արված այն շեշտադրումը, որ «Ռուսաստանը վստահ է՝ մոտ ժամանակներս կստացվի լուծել գերիների վերադարձի հարցը», ինչն իր հերթին «դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորումը առաջ մղելու համար»:

Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի տարածման բարձր ցուցանիշները և այն օր առաջ հաղթահարելու խնդիրը՝ պաշտոնական Երևանը վերջին ամիսներին բավական ակտիվ համագործակցում է ռուսական կողմի հետ, որը զգալի հաջողություններ է արձանագրել պատվաստանյութերի մշակման և արտադրության ոլորտում: Ապրիլի սկզբին ՌԴ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ նախագահին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 մլն չափաբաժին   ձեռք բերելու համար: Երևանում Լավրովը հաստատեց, որ կողմերի միջև այս ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել,  և «մշակվում է Երևանի կողմից 1 մլն չափաբաժին ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում դրա արտադրության կազմակերպման հարցը»: Թե որքան դրական կազդի բնակչության 1/3-ի պատվաստումը հանրային իմունիտետի ձևավորման վրա, թերևս ավելորդ է խոսել: Սակայն բավական հետաքրքիր է Հայաստանում ռուսական պատվաստանյութի արտադրության հեռանկարը, ինչը կարող է նպաստել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանի դերակատարման բարձրացմանը, ինչպես նաև բարեկամ երկրներին օգնության հարցում Հայաստանի հնարավորությունների մեծացմանը:

Լավրովի երևանյան այցի շրջանակներում արձանագրվեց նաև շոշափելի արդյունք՝ կողմերը ստորագրեցին «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիր, որի մշակման վրա կողմերն ակտիվ աշխատում էին վերջին 2 տարվա ընթացքում: Թերևս, գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրներում գործող կենսաբանական լաբորատորիաների հետ կապված ռուսական հանրային և քաղաքական շրջանակներում առկա են տարաբնույթ մտահոգություններ, ինչը մամուլում պարբերաբար դառնում է շահարկումների առարկա: Հայկական կողմը դեռ 2018թ.-ին հայտարարեց, որ որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, բաց է այս ոլորտում համագործակցության խորացման համար, ինչը կնպաստի ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը: Ստորագրված հուշագիրը անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի: Դրանով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ՌԴ արտգործնախարարի տարածաշրջան կատարած առաջին այցը ուներ քաղաքական ու աշխարհաքաղաքական տարբեր շերտեր, որոնք կարևոր է ճիշտ ընկալել և վերլուծել՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար։

 

Վլադիմիր Մարտիրոսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ