Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեր-Պետրոսյանը մանրամասնել է, թե ինչու է հրապարակել Քոչարյանին և Սարգսյանին արած իր առաջարկն ու հայտարարության տեքստը

Տեր-Պետրոսյանը մանրամասնել է, թե ինչու է հրապարակել Քոչարյանին և Սարգսյանին 
արած իր առաջարկն ու հայտարարության տեքստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասնել է, թե ինչու է հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանական ընտրություններին դաշինք կազմելու առաջարկն ու իր պատրաստած հայտարարությունների տեքստերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ilur» լրատվական կայքէջը, ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, որ նպատակ է ունեցել հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իր պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով:

«Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը:

Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ ՀՀ առաջին նախագահի` ներկայիս իշխանության վերարտադրման վտանգից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ:

«Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը արձագանքել է նաև իր հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ինքը, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել է խորհրդապահության պայմանը: «Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել:

Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ»,- եզրափակել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը նաև հրապարակել է իր կողմից կազմված ՀԱԿ-ՀՀԿ դաշինք կազմելու և այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը, որը մերժվել էր Սերժ Սարգսյանի կողմից.

«ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը  

Նկատի ունենալով՝

  • պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
  • ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,
  • իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
  • ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,
  • ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։  

Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյան Երևան,

1 մայիսի 2021թ.»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am