Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Ավելի քան 600 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է

Ավելի քան 600 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում առկա շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքից 614-ը (3.2 տոկոս) գտնվում է տեխնիկական անբավարար վիճակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Հայաստանում առկա տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերը խնդիրներ ունեն, այսինքն՝ դրանք սեյսմակայունության բարձրացման կամ քանդման ու նորը կառուցելու խնդիր ունեն: Մեր հանրապետությունում առկա է նաև 1200 անհատական տուն, որոնք ենթակա են քանդման, դրանք ունեն 3-րդ աստիճանի վնասվածություն: ՀՀ-ում շենքերի անբավարար տեխնիկական վիճակում գտնվելու պատճառները տարբեր են: Առաջին հերթին, մեր երկրի սեյսմիկ գոտում գտնվելն է, սողանքային երևույթները, սեփականատերերի կողմից ոչ պատշաճ վարքագիծը, այսինքն՝ նրանք համապատասխան ձևով չեն իրականացնում իրենց պատկանող գույքի պահպանման, անվտանգ շահագործման պայմանները: Սողանքային երևույթների դեպքում այդ խնդիրը շատ սուր է լինում, երբ օրինակ ջրահեռացման համակարգերը նման գոտում անբարեխիղճ ձևով են իրականացվում: Ամենակարևոր հարցերից մեկը նաև շենքի տարիքն է, կապիտալ շենքերի դեպքում դրանք լինում են 50-100 տարի՝ կախված կոնստրուկցիաների ձևից»,- նշեց Արզումանյանը և հավելեց, որ 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ-ում սեյսմակայունության նորմերը վերանայվել են: 

Նրա խոսքով՝ նախկին 7 բալի պահանջը ներկայում առնվազն 9 բալն է, և այդ լույսի ներքո ՀՀ-ում առկա շենքերի մի մասը կարող է չհամապատախանել նորմերին:

«Մեր երկրում ամենաշատ վթարային շենքերը գտնվում են Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանում: Շիրակի մարզում կա 123 տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք, Լոռիում՝ 149, իսկ Երևանում՝ 120:  Բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է Երևանում՝ 19 հազար շենքից մոտ 5 000-ը: Շիրակի և Լոռու մարզերում նմանատիպ վիճակում գտնվող շենքերի շատ լինելը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժով»,- ասաց մասնագետը և հավելեց, որ Կոտայքի մարզում վթարային շենքերը քիչ են՝ 18-ն են, քանի որ այնտեղ բնակարանային ֆոնդը համեմատաբար ավելի նոր է ձևավորված:

Արզումանյանը շեշտեց, որ սողանքների հետևանքով վնասված անհատական տներն ու բազմաբնակարան շենքերը գտնվում են Տավուշի և Կոտայքի մարզերում, հիմնականում Նոյեմբերյանի հատվածում, ինչպես նաև Ողջաբերդ համայնքում:

 «Հանրապետության սողանքային հատվածներում իրականացվում են ամրացման աշխատանքներ, սակայն, ցավոք, վերջին տարիներին դրանք այնքան էլ շատ չեն արվում»,- նշեց Արզումանյանը:

Հանրապետությունում կան շենքեր, որոնք 1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեն, որտեղ խնդիրները մի փոքր այլ են: Շենքերի տանիքիների 31 տոկոսն անբավարար է, նկուղների դեպքում՝ 35 տոկոսը, աստիճանավանդակները՝ 14 տոկոս, մուտքերն էլ՝ 50 տոկոս:

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ