Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:
Ըստ աղբյուրի՝ սեմինար-քննարկման անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, հարկադիր աշխատանքի և օրենսդրության վերաբերյալ զինծառայողների, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների բացահայտման ու կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում