Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոմիտասի ամենասիրելի աշակերտը. Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

Կոմիտասի ամենասիրելի աշակերտը. Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես, որ եվրոպական ազգերի ժողովրդական երգերով բավական զբաղվելու առիթ եմ ունեցել եւ հաճախ եմ համեմատության դրել հայկականի հետ, այն եզրակացության եմ եկել, որ հայը իր ժողովրդական երգերով ամենափայլուն տեղերից մեկն է գրավում նրանց շրջանում եւ պատվով կարող է չափվել նրանց հետ: Չափազանցություն արած չեմ լինի եւ ազգային զգացմունքը շոյած, եթե ասեմ, որ այդ ազգերի մեջ մի երգ չգտա, որ այնքան խոր վիշտ արտահայտեր, որքան մեր «Սիրտս նման է» երգը, եւ այնպիսի՝ իր կազմությամբ գեղարվեստական զարգացման հասած, երգ չտեսա նրանց մոտ, ինչպես մեր լոռեցու «Հորովելն» է …:

…Մենք այն կարծիքին ենք, որ մեր մատաղ սերնդի ականջին ժողովրդական երգը որքան շատ հնչի, այնքան լավ, որովհետեւ այդպիսով միջոց տված կլինենք նրան՝ գիտակցորեն թե անգիտակցորեն, հայի ստեղծագործության ինքնուրույն գծերն ըմբռնելու եւ սիրելու…»:

Սպիրիդոն ՄԵԼԻՔՅԱՆ

Եթե թվարկելու լինենք անցյալ դարասկզբի հայ երաժշտական արվեստի երեւելիների անունները, ապա նրանց շարքում անշրջանցելիորեն պիտի նշենք մեծն Կոմիտասի ամենասիրելի աշակերտի՝ Սպիրիդոն Մելիքյանի անունը, մի նվիրյալի, որի վաստակը ազգային արժեքի կշիռ ու համարում ունի: Նա Կարա Մուրզայի, Մակար Եկմալյանի, իր հանճարեղ ուսուցչի օրինակով ստեղծագործական կարողությունները ի հայտ է բերել երաժշտական ամենատարբեր ոլորտներում՝ լայն ճանաչման արժանանալով որպես խմբավար եւ ազգագրագետ, որպես երաժշտական տեսաբան եւ կոմպոզիտոր, որպես մանկավարժ եւ հասարակական գործիչ: Հատկապես մեծ է նրա վաստակը հայ երաժշտական ազգագրության ասպարեզում: Գերազանցապես յուրացրած լինելով կոմիտասյան կատարողական արվեստը,  ճանաչվել է նաեւ  որպես ժամանակի ամենահմուտ խմբավարներից մեկն այդ արվեստում:

Սպիրիդոն Մելիքյանը ծնվել է 1880 թ. նոյեմբերի 18-ին, Էջմիածնում, ուսուցչի ընտանիքում: Մանուկ հասակում զրկվել է ծնողներից եւ ապրել մորեղբոր խնամքի տակ: Տասներեք տարեկանում Գեւորգյան ճեմարանի սան էր: Երաժշտական ընդգծված ընդունակությունների շնորհիվ արժանանում է երգեցողության ուսուցչի եւ խմբավարի՝ Կոմիտասի ուշադրությանը: Եվ ուսումնառության տարիներին էլ, իր ուսուցչի օրինակով, սկսում է զբաղվել ժողովրդական երգերի ձայնագրմամբ, արձակուրդների օրերին այդ նպատակով լինում հեռու եւ մոտ տարբեր գյուղերում: Կոմիտասը աչալուրջ էր իր շնորհալի սանի ուսման ու մասնագիտական առաջադիմության, ընդհանուր զարգացման ընթացքին:

1902 թ. Մելիքյանն ավարտում է հոգեւոր կրթօջախը՝ ստանալով սարկավագի կոչում, այստեղ էլ նշանակվում երգեցողության ուսուցիչ՝ միաժամանակ դառնալով Կոմիտասի օգնականը ճեմարանական երգչախմբում: Երկու տարի անց Ղուկասյան կտակի հաշվին մեկնում է Բեռլին՝ երաժշտական բարձրագույն կրթություն ստանալու: Այս գաղափարի մտահղացումը հայոց երգի վեհափառինն էր՝ Կոմիտասինը, ով Բեռլին մեկնելուց առաջ զգուշացրել էր երբեմնի իր սանին, որ հանկարծ չտարվի գերմանական երաժշտարվեստում գոյություն ունեցող սխոլաստիկ ուղղություններով: Հենց այդ նպատակով է, որ իր աշակերտին է տրամադրում հայ ժողովրդական երգերի իր ստվարածավալ ժողովածուն՝ արտագրելու եւ հետը տանելու համար: Ժողովածուն այն հարազատ եւ հավաստի աղբյուրն էր, որն օգնելու էր նրան ճիշտ կողմնորոշվել իր ստեղծագործական եւ գիտաուսումնասիրական որոնումներում: Ինչպես գրավոր վկայություններն են փաստում՝ կոմիտասյան մեծարժեք այդ ժողովածուն փրկվել է կորստից հենց Սպիրիդոն Մելիքյանի ջանքերի շնորհիվ…

Արգասաբեր էր բեռլինյան ուսումնառությունը՝ բարձրակարգ դասախոսներ, հին ու նոր երաժշտության պատմության յուրացում, կոմպոզիցիա, խմբավարություն: Իսկ որպես ավարտական աշխատանք՝ «Ախթամար» վոկալ-սիմֆոնիկ պոեմը՝ գրված խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, ըստ Թումանյանի նույնանուն պոեմի:

Հայրենիք վերադառնալով, Ս. Մելիքյանը որոշում է ամբողջապես նվիրվել երաժշտարվեստին՝ կտրականապես խզելով կապերը կաշկանդիչ եկեղեցու հետ: Ժամանակի վեհափառ Գ. Սուրենյանին ուղղված իր դիմումում հրաժարվում է սարկավագի հոգեւոր կոչումից, ինչը չափազանց համարձակ քայլ էր այն ժամանակվա պայմաններում: «Մոտ չորս տարի արտասահմանում երաժշտական արվեստի մեջ կատարելագործվելուց հետո այժմ ինձ համար անկարելի է դառնում կրկին վանք վերադառնալ իբրեւ կուսակրոն հոգեւորական,- գրել է նա իր ծավալուն դիմումում,- դեռ 21 տարին չլրացած, մի հասակում, երբ դեռ կյանքն ու աշխարհն իր բարիքներով անծանոթ էր ինձ, ես մի ահավոր ուխտ ուխտեցի մի հանդուգն անձնազոհությամբ: Ուխտեցի արհամարհել աշխարհը իր բարիքներով, քամահրեցի սրբազան սերը եւ նահատակի մի անուն առած, ճգնավորի վերարկուն հագած, վանք քաշվեցի՝ նրան նվիրվելու համար: Այժմ, սրբազան հայր, իրերը բոլորովին կերպարանափոխվել են, որովհետեւ ինքս այժմ բոլորովին այլ կերպ եմ տեսնում եւ այլ կերպ դատում, քան այն ժամանակ…Ես ստիպված եմ հենց այժմվանից թողնել այդ կյանքը եւ մի նոր կյանք որոնել, մանավանդ որ իմ լինել-չլինելը հոգեւոր դասի համար մի առանձին նշանակություն չունի: Ես միայն եւ միայն երաժշտությամբ պիտի զբաղվեմ…»:

Հոգեւոր դասը հալածանք է սկսում Մելիքյանի դեմ՝ նրան համարելով դավաճան: Սակայն ի վերջո ընդունում է նրա դիմումը եւ որոշում մաս-մաս ետ գանձել նրանից այն ամբողջ գումարը, որը հատկացվել էր բեռլինյան ուսումնառության ընթացքում: Ահա այսպիսի վերաբերմունք՝ քստմնելի ու դեմքեր բացահայտող…

1909 թվական: Մելիքյանը հաստատվում է Թիֆլիսում՝ դառնալով Ներսիսյան դպրոցի երաժշտության ուսուցիչ եւ խմբավար: Այստեղ լույս է տեսնում նրա «Երաժշտության զարգացման խնդիրը մեզանում» գրքույկը: Երեք տարի անց նախաձեռնում է Թիֆլիսի Հայոց երաժշտական ընկերության ստեղծումը: Ռոմանոս Մելիքյանի Պետերբուրգ մեկնելուց հետո ինքն էլ ղեկավարում է այն, կազմակերպում խմբերգային համերգներ, իր սաներից շնորհալիներին պատրաստում խմբավարներ: Ահա նրա ներսիսյանական սիրելի սաներից մեկի՝ ժողովրդական արտիստ Շարա Տալյանի վերհուշը նրա մասին. «Ես, որպես Սպիրիդոն Մելիքյանի աշակերտ, չեմ կարող առանց երախտագիտության խոր զգացմունքի հիշել նրա անունը: Նա ոչ միայն վառ է պահել մանկությունից իմ մեջ բուն դրած սերը դեպի երաժշտությունը, այլեւ առանձին մի ուժով շարունակ բորբոքել է այն՝ աշխատելով ճիշտ հունով տանել իմ երաժշտական ուսումնառությունը՝ օգնելով առաջադիմել ու հմտանալ կատարողական արվեստում…Հմայիչ էր Մելիքյանը որպես մարդ: Շատ պարզ էր ու անմիջական: Նրա այդ պարզությունը հասնում էր մանկական անմեղության: Գուցե հենց դրանից էր այն մոգական ուժը, որով նա կախարդում եւ իր հետ էր կապում մեզ բոլորիս…»:

Մեծ է երաժշտի ստեղծագործական վաստակը՝ ժողովրդական երգերի մշակումներ՝ «Թխկոնդա», «Պիլիբի», «Ծամթել», «Քելե, ցոլեր», տասնյակ այլ երգեր, տեսական աշխատություններ՝ «Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսականի վրա», «Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը», «Շիրակի երգեր», «Հայ ժողովրդական երգի գամմաներ», «Հայ ժողովրդական երգեր եւ պարեր»: Բոլորը չթվարկենք: Սակայն դրանց թիվը շատ ավելի եւ վաստակն առավել ծանրակշիռ կլիներ, եթե նրա կյանքը չընդհատվեր ընդամենը 53 տարեկան հասակում՝ մայիսյան արեւոտ այս օրը….

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am