Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում

Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին 
առընթեր խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում:

«Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, համատեղ քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ