Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալացի քաղաքապետը խիստ է արձագանքել Ցեղասպանության տարելիցի միջոցառմանը Թուրքիայի դեսպանի միջամտության փորձին

Իտալացի քաղաքապետը խիստ է արձագանքել Ցեղասպանության տարելիցի 
միջոցառմանը Թուրքիայի դեսպանի միջամտության փորձին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆերարան Թուրքիան չէ. իտալական քաղաքի ղեկավար Ալան Ֆաբրին այս տողերով իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության տարելիցին Ֆերարայի թատրոնում կազմակերպվելիք միջոցառման վերաբերյալ Իտալիայում Թուրքիայի դեսպանի հղած նամակի առնչությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեսպան Մուրադ Սալիմ Էսենլին քաղաքապետ Ֆաբրիին ուղղած նամակում հորդորել էր նրան վերանայել դիրքորոշումը թատրոնում Անտոնիա Արսլանի մասնակցությամբ կայանալիք միջոցառման առնչությամբ, որը կոչվում էր «Հայոց ցեղասպանությունը հիշողության, ժխտման և լռության միջև»: Դեսպանը այն «միակողմանի միջոցառում» էր անվանել՝ հիմնված «բացառապես հայերի պնդումների վրա»:

Ալան Ֆաբրին իր տարակուսանքն է հայտնել դեսպանի գործողությունների առնչությամբ՝  նշելով, որ նախ կան բավարար ապացույցներ «այդ սարսափելի իրադարձությունների վերաբերյալ, որը վերջերս ճանաչել էր նաև ԱՄՆ նախագահը»: Բացի այդ, քաղաքապետը նշել է, որ թուրք դիվանագետը, փաստացիորեն, «մեր իսկ տանը առաջարկում է գրաքննություն իրականացնել մի միջոցառման հետ կապված, որի միակ նպատակն է ոգեկոչել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ու պայքարել չափազանց երկար շարունակվող ժխտման դեմ»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրավորվի հիշողությունը, որ ժողովրդավարական, խաղաղ ու մշակութային նախաձեռնությունները, որոնք իրականացվում են ազատության տաճար համարվող թատրոնում, փորեն խճճել այնպիսի երկրի կողմից, ինչպիսին է Թուրքիան, որն աչքի չի ընկնում ժողովրդավարության ցուցանիշներով:

Եթե թուրք դեսպանն իր անհանդուրժելի միջամտությամբ կարծում է, թե կարող է մեր տանը թելադրել իր օրենքները, ապա ասեմ, որ չարաչար սխալվում է: Ֆերարան ազատ քաղաք է, ցանկացած [բռնապետական] ռեժիմի ու ժխտման թշնամին, և այդպես կլինի միշտ»,- հայտարարել է Ալան Ֆաբրին:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ գործընթաց է նախաձեռնելու՝ իտալահայ գրող Անտոնիա Արսլանին և Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի մասին իր համարձակ հրապարակումներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում տալու համար: «Հարգանքներս և հիացմունքս նրանց երկուսին»,- ֆեյսբուքյան էջում իր գրառումը եզրափակել է Ֆերարայի քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am