Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Էլբակյանի հետ հանդիպմամբ մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Արմեն Էլբակյանի հետ հանդիպմամբ մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» 
կրթամշակութային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպել կրթության ոլորտի պատասխանատուներ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանի, Ժաննա Անդրեասյանի և զրուցել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Էլբակյանի հետ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Աշակերտներին ողջունելով՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ հետպատերազմական շրջանում շատ է խոսվում անվտանգության մասին, իսկ այն սկսվում է կրթությունից: «Դպրոցներում մեր սերունդները՝ երկրի տերերը, սովորում են կարդալ, մտածել, իսկ ճիշտ մտածողությունն անվտանգության ամենամեծ երաշխիքն է»,-շեշտեց նա:

Նախարարն ընդգծեց, որ Մայր թատրոնում, որտեղ մեկնարկում է ծրագիրը,  տարիներ շարունակ հրաշալի ներկայացումներ են բեմադրվել հրաշալի դերասանների, արվեստագետների մասնակցությամբ, և արվեստը հոգևոր կրթություն է, իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի միջոցով աշակերտները կարող են հոգևոր սնունդ ստանալ:

«Մենք շատ հաճախ ենք բարձրաձայնում, որ շփումների լուրջ մշակույթի խնդիր ունենք, որ արվեստն ընկալելու որակի խնդիր ունենք, նշում ենք, որ մեր հանդիսատեսը պատրաստ չէ ներկայացում դիտել, բարձրաճաշակ երաժշտություն ունկնդրել: Ըստ իս՝ այս հասարակական արատների և թերությունների պատճառը կրթությունն է: Կրթական համակարգում արվեստը չի զբաղեցնում այն տեղը, որն անհրաժեշտ է: Փորձը ցույց տվեց, որ պատանիները մեծ սպասումներ ունեն կրթամշակութային  ծրագրերից ու մեծ հետաքրքրությամբ են մասնակցում դրանց»,-շեշտեց փոխնախարարի պաշտոնակատար Արա Խզմալյանը:

Նա հիշեցրեց, որ իրականացնում են «Դաս Ա» երաժշտական ծրագիրը, «Դասարան պլյուս դասական» թատերական, կրթամշակութային նախագիծը, և համանման նախագծերի շարքը գալիս է համալրելու «Քո արվեստը դպրոցում» կրթական-մշակութային ծրագիրը:

Խզմայլանի խոսքով՝ այն միտված է աշակերտներին արվեստի աշխարհի հմայքը, հրապույրը ներկայացնելուն, ճանաչելի դարձնելուն ժամանակակից արվեստագետներին, աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելուն օգնելուն: «Եթե մենք չենք ձևավորում մեխանիզմներ, որոնցով պատանին պետք է առաջնորդվի մասնագիտության ընտրելիս, ունենալու ենք կոտրված ճակատագրեր, չկայացած քաղաքացիներ, մասնագիտությունը չգտած, հետևաբար իր անձը չգտած քաղաքացու: Այս ամենը  դառնում է  սոցիալական դժգոհությունների պատճառ: Կարծում եմ՝ մարդկային երջանկության, լիարժեքության համար չափազանց կարևոր է ճիշտ մասնագիտություն ընտրելն ու պրոֆեսիոնալ լինելը: Այդ հարցում պատանիներին օգնության են գալիս վերոնշյալ նախագծերը»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ բեմադրիչ Արմեն Էլբակյանն էլ նախքան աշակերտների հետ զրուցելը նշեց, որ մարդ արարածը լույս աշխարհ է գալիս արվեստը կրելով, հետո է սկսում գիտակցել, թե որտեղ է ինքը, ինչ մթնոլորտում է  ապրում, որն է ապրելու նպատակը և ինչպես պետք է ապրի, որ կարողանա գնահատել այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջը և իր ներդրումն ունենա հավիտենական շարժման մեջ, որը կյանք է կոչվում:

Էլբակյանի համոզմամբ՝ կարևոր է հարստնալ այն մշակութային արժեքներով, որոնք ստեղծված են և որոնք անհրաժեշտ է փոխանցել պատանիներին, որպեսզի նրանք էլ հասկանան ապրելու իմաստն ու գտնեն իրենց շուրջ տիրող քաոսից ազատագրվելու ճանապարհը:

2021 թվականի ապրիլից նոյեմբեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ՝ նախատեսված 8-12-րդ դասարանների աշակերտների համար։

Ապրիլին և մայիսին Երևանում հանդիպում-դասախոսություններով հանդես կգան ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար),  ջազ-երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, լուսանկարիչ Տաթև Մնացականյանը, Աբովյանում՝ կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին,  դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը, Աշտարակում՝ ազգագրագետ և պարուսույց Գագիկ Գինոսյանը, Վանաձորում՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Սամվել Խալաթյանը, Եղեգնաձորում՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը:

 «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն անցկացվելու է Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետի հետ հանդիպումներին մասնակցելու են աշակերտներ 600 դպրոցից։ Դասախոսություններն ուղեկցվելու են արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և տեսալսողական նյութերով։ Հանդիպումները տեսանկարահանվելու և հասանելի են լինելու ծրագրի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ անցկացվելու են նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am