Արցախ

Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը 

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։

2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։

Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։

Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսը (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում