Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը տեսնում է մշակվող վարելահողերի ավելացումը խթանող նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտություն

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը տեսնում է մշակվող վարելահողերի ավելացումը խթանող նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզում, որի ընթացքում անդրադարձել է մարզում և ընդհանրապես երկրում մշակվող վարելահողերի ավելացման անհրաժեշտությանը:

«Ցանկանում եմ ներկայացնել վիճակագրությունը, որը, ըստ էության, հատուկ է Հայաստանի բոլոր մարզերին: Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է վարչապետը::

Նա կարծիք է հայտնել, որ նաև խնդիր ունեն մինչև այժմ կառավարության ընդունած ծրագրերի բովանդակության մասին հանրությանը իրազեկելու հետ կապված, որ մարդիկ տեսնեն, թե գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու ինչ հնարավորություններ կան: «Նաև կարծում եմ, որ պետք է նոր ծրագրեր ներդնենք: Այս առումով, կարևոր եմ համարում այն գաղափարը, որ պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Սա կարևոր է: Առաջիկայում «դե յուրե» որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հանրապետությունում վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում ընդհանրապես և Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանարապետության հետ. Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն:«Այսինքն՝ մեր աշխատանքային պլաններում պետք է տարեցտարի ունենանք վիճակագրության որոշակի փոփոխություն, թե ինչքանով ավելացավ մշակվող հողատարածքների քանակը Հանրապետությունում և մարզում»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում