Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը կանդրադառնա հոբելյար հայ կոմպոզիտորներին

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը կանդրադառնա հոբելյար հայ 
կոմպոզիտորներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի կազմակերպմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 4-ից 22-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հավելելով, որ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը:

«Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար: Փառատոնի համերգային երեկոներին հանդես են գալիս մենակատարներ արտասահմանից և Հայաստանից՝ ընդգրկելով իրենց երկացանկում հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: Այսպես` անցած տասը տարիների ընթացքում անցկացվել են հետևյալ համերգաշարերը՝ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.), Տերտերյան-ֆեստ (2014թ., 2019թ․)‚ Էդգար Հովհաննիսյան-ֆեստ (2015թ.), Միրզոյան-ֆեստ (2016թ.), Հարո Ստեփանյան-ֆեստ (2017թ.), Գրիգոր Եղիազարյան-ֆեստ (2018թ.), Ալեքսանդր Հարությունյան-ֆեստ (2020թ․)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․-ին լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներից Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները, որոնք թվայնացման և կրկին ներկայացման կարիք ունեն։ Կներկայացվեն նաև մեր օրերում գրված մի շարք մեծակտավ ստեղծագործություններ, որոնք հնչելու են առաջին անգամ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից նաև հայտնում են, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը ներառում է 3 համերգային երեկո, որոնց ծրագրերում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Հայկ Բոյաջյանի, Երվանդ Երկանյանի, Միխայիլ Կոկժաևի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ  Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am