Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ,  քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:

«Մասնավորապես, երբ ՀՀ վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը  համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք  բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել,  ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում և քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը  Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի, Մեղրի համայնքի ղեկավարի կազմակերպմամբ կատարված վերոնշյալ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի կողմից Երևան վերադառնալու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է խուլիգանական գործողություններ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթևեկությանը և ձվեր նետել նույն ավտոշարասյան ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]