Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերգեյ Խաչատրյանը երաժշտասերներին ներկայացրեց «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը

Սերգեյ Խաչատրյանը երաժշտասերներին ներկայացրեց «Դհոլի բանալի» առաջին 
ուսումնական ձեռնարկը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ՝ դհոլի վարպետ Սերգեյ Խաչատրյանը դհոլի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, գործիքի առանձնահատկություններն ընդգծելու նպատակով գրել և հրատարակել է «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը՝ ներկայացնելով դհոլի կարևոր դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում: Հեղինակն անդրադարձել է հայկական դհոլ նվագելու յուրահատկություններին ու հմտություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Անհրաժեշտ էր նման գիրք գրել, քանի որ դհոլի ձեռնարկ չկար: Մեր երաժշտական ուսումնական հաստատություններում սովորեցնում են դհոլ նվագել, բայց չկային նոտա, հարվածի նոտա, տերմինաբանություն և այլն: Այդ ամենը փորձել եմ գրքում ներկայացնել հասարակ ու պարզ լեզվով թե՛ նոր սերնդի, թե՛ հմուտ երաժիշտների համար»,-նշեց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ դհոլ նվագել սովորելու ցանկություն ունեցողները հեռախոսի միջոցով կարող են սքանավորել գրքում առկա QR կոդը և իմանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է:

Խաչատրյանը ձեռնարկը կյանքի է կոչել իր տաղանդավոր ընկերների աջակցությամբ:  Նման ձեռնարկի ստեղծումն ու հրատարակումը երաժշտի երազանքն է եղել: Երկար տարիներ նվագելով, դասավանդելով՝ նա իր փորձն ու հմտություններն է փոխանցել  երեխաներին և եկել այն եզրակացության, որ խոսքը շատ կարևոր է, սակայն անհրաժեշտ է ձեռնարկ, որը հնարավորություն կտա առավել դյուրին ընկալել դհոլի առանձնահատկությունները:

Ըստ Խաչատրյանի՝ չկա հայ երեխա, որը կապ չունենա դհոլի հետ: «Երբ ծնողները երեխաներին բերում են երաժշտական դպրոց դհոլ նվագել սովորելու, միշտ նշում են, որ երեխաները նվագում են սեղանին, աթոռին և այլուր: Դա մեր արյան մեջ է»,- շեշտեց Սերգեյը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ունենալով հենց իր դհոլի դպրոցը՝ Խաչատրյանը ձեռնարկը գրելիս հաշվի է առել դասավանդման տարիների սեփական փորձը։ Ուսումնական ձեռնարկում ներկայացված դասավանդման նյութերի, ռիթմիկ հնչերանգների առանձնահատկությունների հիմքում ընկած են հեղինակի ստեղծած կատարումները և հայկական էթնիկ ավանդական երաժշտության նմուշները։

Ձեռնարկը բաղկացած է ձայնի վերարտադրման տեխնիկայի, նոտաների նշագրման, դհոլի տերմինաբանության, երաժշտական տարրական տեսության, վարժությունների, էտյուդների բաժիններից:

Շնորհանդեսին ներկա էին երաժշտարվեստի բազմաթիվ սիրված ներկայացուցիչներ, որոնք եկել էին շնորհավորելու և սատարելու իրենց ընկերոջն ու գործընկերոջը:

ՀՀ վաստակավոր արտիստ երգահան, երաժիշտ-կատարող Արա Գևորգյանն ընդգծեց, որ գիրքը պարզ է և հնարավորություն կտա տիրապետել դհոլ նվագելու առաջին քայլերին, որոնք կարևոր են: «Էական է ուսուցչի հանձնարարությունները տանը նաև գրքի միջոցով յուրացնելը: Ես խորհուրդ կտամ ունենալ այս գիրքը: Մանկավարժական համալսարանի «Երաժշտության»  ամբիոնի վարիչն եմ և հիշում եմ, որ մի առիթով Արազ Օրդինյանի հետ զրուցում էինք, և գաղափար առաջացավ, որ  դհոլը պետք է նոտաներ ունենա: Իմացանք, որ ժամանակին նոտաներ եղել են, որոնք չեն  օգտագործվել: Ես չեմ  տեսել դհոլահարի, որը նոտաներով է նվագում: Շատ ուրախ եմ նման ձեռնարկի հրատարակման համար, որովհետև երեխաները կկապվեն նոտաներին, իսկ նոտա իմանալը գրագիտություն է ու կարևոր է ցանկացած երաժշտի համար: Ինչո՞ւ պետք է բոլոր երաժիշտները նոտա կարդալ իմանան, իսկ դհոլահարները՝ ոչ»,-շեշտեց Գևորգյանը՝ շնորհավորելով Սերգեյ Խաչատրյանին:

«Դհոլի բանալի» ձեռնարկը շուտով հասանելի  կլինի բոլոր գրախանութներում:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում: 2007 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ֆակուլտետը: Սերգեյը (էֆո) մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների ու փառատոնների՝ վերադառնալով դափնեկրի դիպլոմներով: 2013 թվականին հիմնել է «Էֆո» դհոլի ստուդիան: 2014-ին ստեղծել է «Էֆո Դհոլ» ապրանքանիշը, որն առաջարկում է բարձրորակ դհոլների տեսականի յուրահատուկ հնչողությամբ ու ձևավորմամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am