Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արցախում քննարկվում է բնակվարձերը թանկացրած անբարեխիղճ տանտերերին սոցաջակցությունից զրկելու հարցը

Արցախում քննարկվում է բնակվարձերը թանկացրած անբարեխիղճ տանտերերին 
սոցաջակցությունից զրկելու հարցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվում է բնակարանների վարձավճարների անտրամաբանական բարձրացման խնդրի կարգավորման տարբերակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վաչե Վարդանյանը:

«Ձևավորվել է տվյալների շտեմարան, որտեղ ներառված են բնակարանների վարձերը երբեմն նույնիսկ կրկնակի-եռակի բարձրացրած անբարեխիղճ տանտերերը: Նույնիսկ եղել են տանտերեր, որոնք անտրամաբանորեն բարձրացնելով բնակվարձը, բնակվողներին հանել են տնից: Ներկայում նախարարությունում մշակման փուլում են խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները: Քննարկվող և հավանական տարբերակներից է այն, ըստ որի՝  բնակվարձերն անտրամաբանորեն բարձրացրած  անբարեխիղճ տանտերերը չեն օգտվելու պետական սոցիալական աջակցության ծրագրերից՝ մասնավորապես կոմունալ վճարների փոխհատուցումից»,-մանրամասնեց Վարդանյանը՝ հավելելով, որ նախարարությունը  բնակվարձերի անտրամաբանական բարձրացման խնդրի լուծման գործում փորձելու է երկկողմանի խելամիտ տարբերակներ գտնել:

Անդրադառնալով բնակվարձերի փոխհատուցման ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման ուշացումների պատճառին, գերատեսչության պատասխանատուն նշեց, որ ուշացումները պայմանավորված են մեծաթիվ դիմումների առկայությամբ և կրկնակի պայմանագրեր կնքելու դեպքերով:

«Բնակվարձերի փոխհատուցման համար ավելի քան 2000 պայմանագիր ու դիմումներ են գրանցվել: Բացի այդ, դիմումների համեմատության աշխատանքը բարդացնում են նաև տանտերերի կողմից քաղաքացիների հետ կրկնակի պայմանագրեր կնքելու դեպքերը»,-ընդգծեց Վարդանյանը: 

Անդրադառնալով տեղահանված արցախցիների կողմից Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի տիրազուրկ տներում բնակվելու հայտերի ընդունման գործընթացին՝  մեր զրուցակիցը նշեց, որ համապատասխան բնակավայրերում այդ տները ձեռք են բերվում տվյալ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ու սեփականատերերի համաձայնությամբ: 

 «Նախ՝ որոշակի ժամկետով ձեռքբերված այդ բնակարանները վերանորոգվում են, ապահովվում՝ անհրաժեշտ գույքով: Տիրազուրկ այդ տներում բնակվելու ցանկություն  ունեցող ընտանիքների հայտերի ընդունման գործընթացում՝ հաշվի են առնվում տվյալ բնակավայրի առանձնահատկությունները, ընտանիքի մասնագիտական կարողություններն ու զբաղմունքի հնարավորությունը»,-ասաց Վարդնյանը՝ հավելելով, որ ներկայում նաև իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ արցախյան  բնակավայրերի առավելություններն ու խնդիրները ներկայացնելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]