Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-8/21. ի՞նչ փնտրել այս շաբաթ գրախանութներում

«Նոր գիրք»-8/21. ի՞նչ փնտրել այս շաբաթ գրախանութներում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:


Հայ հեղինակ 
Յակոբ Մնձուրի, «Նազար» 


«Սփյուռք» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։ Խմբագիր՝ Արթուր Անդրանիկեան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:


Թարգմանական գրականություն 
Էլենա Ֆերանտե, «Իմ հանճարեղ ընկերուհին»


Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։ Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60 տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:

Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: Թարգմանիչ` Ջեննի Ֆիլյան, խմբագիր` Տաթևիկ Նալբանդյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

 

Մանկապատանեկան գրականություն 
Ռոբին Հուդ 


Գիրքը անգլիական միջնադարի ժողովրդական բալլադի հերոս Ռոբին Հուդի և իր ընկերների արկածների մասին է, ովքեր Նոթինգեմ քաղաքի մոտ գտնվող Շերվուդ անտառում զբաղվում էին ավազակությամբ ու կողոպուտով: Պատանիներն այս հերոսներին կսիրեն, քանի որ նրանք այդ ամենն անում էին աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:


Փաստավավերագրական գրականություն 
Ստեփան Թոփչյան, «Երվանդ Քոչար»

Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899–1979) ստեղծագործությունը՝ քսաներորդ դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա էսթետիկական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am