Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պարզ անօրինականություն է. Սիմոնյանը՝ Վարչական դատարանի որոշման մասին

Պարզ անօրինականություն է. Սիմոնյանը՝ Վարչական դատարանի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Վարչական դատարանը չի կարող իրավունքի ուժով գործողության մեջ մտած նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի գործով կայացրած որոշմանը:

«Այստեղ կա ուղղակի պարզ անօրինականություն, երբ Վարչական դատարանը փորձում է իրեն վերագրել սահմանադրական նորմի նկատմամբ որևիցե գործողություն անելու իրավունք: Դա աբսուրդ է: Էլ չեմ ասում, որ գործողությունն արդեն ավարտվել է, չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել: Դա շենքի շինարարություն չէ, որ կասեցնես շինարարությունը, մինչև տեսնես դատական նիստը ինչ է լինում: Այդ գործողությունը եղել է, ավարտվել է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց՝ եթե անգամ ենթադրենք, որ այդ որոշումն իրավական ուժ ունի, ապա դա ուղղակի իրագործելու առումով անհնար է: Գործողությունն արդեն իսկ ավարտվել է: Սիմոնյանը վստահ է, որ Վարչական դատարանը չի կարող վերականգնել մի բան, այն կարող է ինչ-որ բան կասեցնել:

«Վարչական դատարանը չի կարող սահմանադրական իրավունքին վերաբերող հարցով հայցի ապահովման միջոց կիրառել»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով իշխանության կողմից դատարանների նկատմամբ հնարավոր ճնշման մասին հարցին՝ Սիմոնյանն ասաց. «Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունը կարողանում է դատարանների հետ կապված ճնշում գործադրել, և մենք ունենք այն վիճակը, որն ունենք, երբ անընդհատ դատարանների հետ կապված խնդիրներ ենք ունենում, և մեր առաջնային և ամենամեծ խնդիրը դատարանների՝ նախկին իշխանությունների հետ փոխկապված լինելն ու որոշ դատավորների քաղաքականացված լինելն է»:

Ըստ Սիմոնյանի՝ այդ որոշումը կայացրած դատավորի գործունեությունն իրավաբանության հետ կապ չունի:

«Ենթադրենք 1 տարի հետո կամ 1 ամիս հետո Վարչական դատարանը որոշում է կայացնում հօգուտ հայցվորի: Օնիկ Գասպարյանը, այնուամենայնիվ, այդ պարագայում ամենայն հավանականությամբ չի կարող վերականգնվել, քանի որ գործողությունը եղել, ավարտվել է»,-ասաց նա:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Ավելի ուշ  ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել ՀՀ վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ՝ շեշտելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am