Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրն առաջիկա ամիսներին կունենա նոր շենքային պայմաններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ՀՀ-ում տարբեր ծրագրեր է ներդնում՝ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի զարգացմանը նպաստելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի զարգացմանը նպաստելու համար մենք տարբեր ծրագրեր ենք ներդնում, այդ թվում՝ շենքի փոփոխության ծրագիր: Դպրոցն առաջիկա ամիսներին նոր շենք և շենքային պայմաններ կունենա»,- նշեց դեսպանը:
Նա հաջողություն է համարում այն փաստը, որ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի աշխատակիցների թիվը վերջին տարիներին աճել է 50 տոկոսով: Լաքոտը հպարտությամբ ընդգծեց, որ այսօր այդ դպրոցի աշակերտների մոտ կեսը հենց հայեր են:
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը գործում է 2007 թվականից (մանկապարտեզը հիմնադրվել է 1999թ․) և ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում ու ճանաչված է Ֆրանսիայի և Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով։