Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը. Արամ Սաֆարյան

Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը. 
Արամ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած դժվարին տարում՝ 2020-ին Ռուսաստանի հետ արտահանման, ներմուծման ծավալներում անկում է գրանցվել, սակայն ՌԴ-ն եղել է, կա և կլինի Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:

«2020-ը շատ դժվարին էր: Մեր տնտեսությանն ամենամեծ վնասը հասցրել է 44-օրյա պատերազմը: Բացի այդ, դա մեծ ողբերգություն էր մեզ համար. շատ զոհեր, վիրավորներ, կա նաև գերիների խնդիր, ինչը դանդաղ և դժվար է լուծվում: Տնտեսության անկման երկրորդ պատճառն անցյալ տարի կորոնավիրուսի համավարակն էր: Այն ամենաշատ ազդեցությունն է ունեցել մեր տնտեսության 2 ճյուղերի վրա՝ շինարարության և ծառայությունների ոլորտի: Արդյունքում տնտեսական ակտիվության անկումը տարվա արդյունքով կազմել է 7.5 տոկոս»,-ասաց Սաֆարյանը:

Նա, սակայն, հիշեցրեց, որ չնայած դրան՝ որոշ երկրների հետ կա արտահանման, ներմուծման ցուցանիշների բարելավում, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ: Անդրադառնալով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությանը՝ արտահանմանը, ներմուծմանը, Սաֆարյանը նկատեց, որ բացասական ցուցանիշներ կան՝ թե դեպի Ռուսաստան արտահանման, թե Ռուսաստանից ներմուծման ծավալներում: «Սակայն մեր տնտեսագետները միանգամայն վստահ են, որ 2021-ի երկրորդ կեսին վերականգնողական աճ է լինելու: Եվ 2022-ին մենք կվերականգնենք նախկին ծավալը»,-ասաց Սաֆարյանը:

Նա նկատեց, որ նույնիսկ դժվարությունների ընթացքում Հայաստանը ապրանքաշրջանառության աճ է գրանցել ԵԱՏՄ երկրների հետ: Արտահանման երկնիշ աճ է գրանցվել դեպի Բելառուս, Ղազախստան, երկնիշ աճ է գրանցվել նաև Բելառուսից ներմուծման ծավալներում, իսկ Ղազախստանից ներմուծման ծավալներում աճը 2 անգամ է եղել: «Դա ևս մեկ անգամ հաստատում է ավելի վաղ մեր արած կանխատեսումները, որ առկա է շատ ռեալ պոտենցիալ՝ առևտրատնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ-ում զարգացնելու և խորացնելու համար: Եվ դրա համար  անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն առավելությունները, որոնք մեզ տալիս է մեր անդամակցությունը»,-ասաց Սաֆարյանը:

Նա ուրախությամբ նշեց, որ ՌԴ-ն և անդամ մյուս պետությունները անցյալ տարի կարողացել են լավ կերպով դիմակայել կորոնավիրուսին և տարին ամփոփել են՝ մինիմալ կորուստներով: «Մենք հավատում ենք, որ սկսած 2021-ի երկրորդ կեսից Ռուսաստանի տնտեսական աճը կլինի բարձր: Միանգամայն համոզված ենք, որ Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Մենք կարծում ենք, որ եթե Հայաստանի կառավարությունը՝ բիզնեսի, փորձագետների համայնքի հետ ճիշտ դիրքավորվի և ճիշտ աշխատի, ապա 2022-ին մենք կկարողանանք հաղթահարել տնտեսական անկումը»,-ասաց Սաֆարյանն ու հավելեց՝ կարծում է, որ այդ ամենը կախված է ոչ միայն տնտեսական իրողությունից, այլև Հայաստանում բուռն կերպով ընթացող հասարակական-քաղաքական գործընթացից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am