Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում. ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ջրից, մեր լեզվով…

Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում. ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ջրից, 
մեր լեզվով…

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատկերացրեք՝ շատ երկար ժամանակ Գյումրիում երեխաները չեն տեսել երկու բան՝ գնացք եւ կինո: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգություն է կինոյի համար: Իսկ այն, ինչ հիմա է կատարվում հեռուստաալիքներում, կապ չունի իսկական կինոյի հետ: Բայց այսօր ժողովուրդը սովորել է այդպիսի «կինոյին»: Մարդիկ կինո գնալու տեղ չունեն եւ չեն էլ ուզում կինո գնալ: Սովորել են նստել տանը, մեկ գավաթ սուրճ ըմպել ու նայել այդ սերիալները: Ես հազարավոր մարդիկ գիտեմ, որոնք երեկոները տնից դուրս չեն գալիս, գերադասում են մնալ տանը եւ սերիալ նայել: Իսկ այն ժամանակներում մարդիկ ընտանիքներով կինոթատրոն էին գնում: Դա միջավայր էր ստեղծում, կուլտուրա էր ստեղծում: Այդ սերիալները վնաս են հասցնում հենց այդ նույն ընտանիքներին եւ՛ ճաշակի իմաստով, եւ՛ սերունդ դաստիարակելու առումով: Այդ ամենը կործանում է նաեւ թատրոնը: Մենք հիմա, փառք Աստծո, ունենք լավ թատրոններ, բայց եթե այսպես շարունակվի, կկործանվի թատրոնը…»:

Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Թերեւս, չկա այնպիսի բնագավառ, որտեղ խոսքաշեն Գյումրու մեծանուն զավակներն իրենց խոսքն ասած չլինեն, դրսեւորած չլինեն աստվածատուր իրենց շնորհները եւ եկող սերունդներին թողած չլինեն փայփայելի արժեքներ: Այսօր իր ծննդյան օրվա առիթով հիշենք այդ երախտավորներից մեկին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանին, որ եկավ ու իր անջնջելի ձեռագիրը թողեց հայկական կինոարվեստում:

Հայկական ամենասիրված մի քանի ֆիլմերի հեղինակը ծնվել է 1937 թ., եղեռնի սարսափներից մահապուրծ՝ Լենինականի մանկատանը մեծացած, իսկ հետագայում «Տեքստիլ» գործարանում աշխատելիս իրար հանդիպած Մուշեղի եւ Սանամի ընտանիքում: Ապագա ռեժիսորն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, այնուհետեւ՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1960-66 թթ. եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971-ից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր, 1995-99 թթ.՝ Գյումրիի դրամատիկական, 2000-ից՝ մայրաքաղաքի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար: Դասավանդել է մանկավարժական համալսարանում, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

«Այն, ինչ ներկայացնում ես, մեր խնդիրը պիտի լինի, մեր ցավը, մեր ուրախությունը,-ասում էր Ալբերտ Մկրտչյանը,- այդ դեպքում բոլորն էլ կուզեն տեսնել այդ գործը, բայց եթե անգամ օտարները չուզենան, միեւնույն է, դու դա տալիս ես քո հայրենիքին, հայ ժողովրդին…»:

Եվ ծնունդով գյումրեցի ռեժիսորը իր ավագ եղբոր՝ հայ թատրոնի եւ կինոյի վարպետ Մհեր Մկրտչյանի հետ եկավ հարազատ ժողովրդին տալու իրենց ներաշխարհի գույները, վերաշնչավորելու ծննդավայրի կոլորիտն ու հետպատերազմյան, նաեւ հետերկրաշարժյան ժամանակների մթնոլորտը, մարդկանց ցավն ու ուրախությունը՝ կինոարվեստի լեզվով: Ռեժիսորի հանրահայտ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերի հենքը մանկության օրերի հիշողություններն են, առավելապես՝ ինքնակենսագրական: Այդ ֆիլմերում ոչինչ մտացածին չէ: Այդ ամենը թե՛ ռեժիսորը եւ թե՛ դերասանը ապրել են, զգացել սեփական մաշկի վրա, իսկ շատ հերոսների նախատիպերը՝ ծանոթ ու հարազատ մարդիկ: Երկու կինոնկարներում էլ դեպքերը տեղի են ունենում իր հարազատ քաղաքում: Առաջին ֆիլմը դիտողին համոզում է, որ անգամ պատերազմն անզոր է գյումրեցուն զրկել հումորից, կտրել թատրոնից, մշակույթից: Սա, ի վերջո, մեր տեսակի ընդհանրական էությունն է ու բնութագիրը: «Մեր մանկության տանգոն» հիացումով է ընդունել նաեւ օտար հանդիսատեսը. Վենետիկի կինոփառատոնին նախկին միությունից ներկայացված այս ֆիլմը աննախադեպ հաջողություն է արձանագրում, իսկ Սիրուշին մարմնավորած Գալյա Նովենցն արժանանում «Լավագույն կնոջ դերակատարում» մրցանակին: Իտալական մամուլը լայնորեն է անդրադառնում կինոնկարին, ռեժիսորից հարցազրույցներ են վերցնում հայտնի տեսաբանները: «Ձեր ֆիլմում անշունչ կամոդը շնչավորվել ու կերպար է դարձել»,- գրում է նրանցից մեկը: Բայց ռեժիսորի համար կարեւորը մրցանակներ շահելը չէր: «Կինո ստեղծողի համար ամենամեծ մրցանակն իր հանդիսատեսի շնորհակալությունն է իր կատարած գործի համար,- ասում էր նա,- ինձ համար ոչ «Օսկարն» է կարեւոր, ոչ որեւէ այլ մրցանակ. ամենամեծ մրցանակն իմ ժողովրդի գնահատականն է: Անկեղծ ուրախանում եմ, երբ փողոցում անծանոթ մարդիկ ճանաչում են, լավ խոսքեր ասում: Չէ՞ որ ամբողջ կյանքում հենց այն եմ արել, որ նրանք էլ իմանան իմ տեսածի ու ապրածի մասին»:

Իր տեսածի ու ապրածի մասին նա պատմեց նաեւ «Հին օրերի երգը» անմոռաց ֆիլմով, որում նույնպես իր եւ իր հանճարեղ եղբոր՝ Ֆրունզիկի մանկությունն է: Սա նույնպես ինքնակենսագրական հենքով է ստեղծվել: «Հիշում եմ՝ փոստատարը «սեւ թուղթ» էր բերում,- մանկության օրերն է մտաբերում ռեժիսորը,- մենք դեռ երեխա էինք. չգիտեինք, թե դա ինչ է նշանակում: Մեզ համար կարեւոր էր մի բան՝ որ ռազմաճակատից նամակ է եկել: Եվ «ուռա» գոռալով տանում տալիս էինք այն կնոջը, ում հասցեագրված էր նամակը, իսկ կինը շոյում էր մեր գլուխը ու ներս անցնում: Չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Բայց հետո տեսանք, որ մեր բակի լավ, բարի մարդիկ վերանում են մեր բակից: Հետո, երբ արդեն հասկացա, թե ինչ է իրականում կատարվում, ողբերգություն ապրեցի: Մի բան, որ ազդում է ինձ վրա, անպայման իր հետեւանքն է ունենում, հետո վերածվում է կինոյի: Հիշում եմ՝ ինչքան դժվար եմ համոզել Ֆրունզիկին, որ ուտի այդ սեւ թուղթը…»:

Մանկության տարիների իրենց բակը, որտեղ պատերազմի եւ սովի հետ մեկտեղ իշխում էր ջերմ ու ընտանեկան մթնոլորտ, Ալբերտ Մկրտչյանի հիշողությունների, կյանքի ու նաեւ գործունեության մասն էին դարձել: Չորս զավակների միայնակ պահած ու մեծացրած Սանամ մոր կերպարը ողջ կյանքի ընթացքում տեսիլվելու էր արվեստագետի իր հայացքում: Եվ նա փաստելու էր. «Իմ ֆիլմերում ինչքան կին կերպար կա, բոլորի մեջ մորիցս մասնիկ եմ դրել: Նրան՝ այդ խենթ ու խելառ, ազնիվ ու նվիրված հայ կնոջը, բաժանել եմ այդ կերպարների մեջ…»:

Երկրաշարժյան օրերից ստացած տպավորությունների, այդ ծանր ժամանակներում ապրած իրողությունների արձագանքն էր «Ուրախ ավտոբուսի» ծնունդը: Ահա ռեժիսորի վկայությունը. «Դոմիկներից մեկի մոտ պատահաբար հանդիպեցի մանկությանս ընկերուհուն, որին երկար տարիներ չէի տեսել: Նա կորցրել էր ընտանիքը եւ որդեգրել չարաճճի մի տղայի: Ինձ տեսնելուն պես երեխան հարցրեց՝ «պապա՞ն է…»: Այդ մի արտահայտությունը պահպանվեց ու, փաստորեն, դարձավ ֆիլմի հենքը…»:

Փաստորեն, «Ուրախ ավտոբուսը», նշյալ ֆիլմերի հետ, եռագրությունը եզրափակող ֆիլմն է դառնում, կինոարարումներ, որոնք հայ կինոարվեստի չխամրող նվաճումներից են:

Տասնմեկ ֆիլմ է նկարահանել տաղանդավոր արվեստագետը, որոնք բարձր են գնահատել կինոարվեստի հեղինակավոր դեմքերը: Դրանք սիրել է հայ հանդիսատեսը: Սա արդեն ամենակարեւոր գնահատականն է: Իսկ նրա կարապի երգը լինելու էր նույնքան սիրված մի ֆիլմ՝ «Տխուր փողոցի լուսաբացը»:

Նա իր ֆիլմերով նոր պատուհան բացեց դեպի մեծ կինոաշխարհ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]