Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ը հավելյալ 3 մլն եվրո է հատկացնում ԼՂ բնակչությանը

ԵՄ-ը հավելյալ 3 մլն եվրո է հատկացնում ԼՂ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդեցությունը կրած քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։  

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են  խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Նոր հայտարարված օժանդակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։  ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Վերջին զինված հակամարտությունը, որը վեց շաբաթ մոլեգնում էր անդադար, թողնելով  զոհեր, վնասներ և տեղահանվածներ։ Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան՝ անվտանգության նկատառումներից ելնելով լքել իրենց տները: Լուրջ վնասներ են հասցվել բնակելի շենք շինություններին և հանրային ենթակառուցվածքներին, այդ թվում՝  դպրոցներին, առողջապահական հաստատություններին, ճանապարհներին, կոմունալ ծառայությունների և կապի ցանցերին։  Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը և արգելված կասետային զինամթերքի կիրառումը ներառված են միջազգային հումանիտար իրավունքով սահմանված ենթադրյալ խախտումների շարքում:

Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի, հումանիտար իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Կորոնավիրուսային համավարակն ու ցուրտ ջերմաստիճանն էլ ավելի վատթարացնում են իրավիճակը: ԵՄ-ը սերտ կապի մեջ է մարդասիրական գործընկեր կազմակերպությունների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ`աջակցելու մարդասիրական արձագանքման համակարգմանը»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am