Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Մայիս

Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ

Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական 
կարգավիճակ տալու օրինագիծ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը:

«Միանշանակ պնդում  եմ, որ օրինագիծը նախատեսում է պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և ոչ թե պետական, որի մասին շրջանառվում է որոշ լրատվամիջոցներում: Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում  խաղաղապահների և Ռուսաստանի հետ  հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը: «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն  այժմ խորհրդարանական քննարկումների փուլում է: Այնուհետև նախատեսվում է նաև դնել հանրային քննարկման և չի բացառվում, որ առաջարկությունների հիման վրա որոշակի փոփոխությունների կենթարկվի: Արցախում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առավել մանրամասն կարող ենք խոսել միայն հանրային քննարկումներից հետո»,-պարզաբանեց Գագիկ Բաղունցը:

Օրինագիծը ներկայացվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, նախատեսվում է շնորհել  միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում: Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»,-օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշել են հեղինակները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ