Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/21. Չորս գիրք՝ «Նոր գիրք» նախագծում

«Նոր գիրք»-2/21. Չորս գիրք՝ «Նոր գիրք» նախագծում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի շարունակելու է ընթերցողի դատին հանձնել հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն  տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:


Հայ հեղինակ 
Վահան Տեր-Ղազարյան, «Տիպանգո»

«Արդի» մատենաշարի այս հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:


Թարգմանական գրականություն 
Ռոբերտ Մուզիլ, «Հինգ կին»

Մուզիլի սիրային այս պատմաշարում ամփոփված են հեղինակի «Միացումներ» և «Երեք կին» ժողովածուներում ընդգրկված բոլոր հինգ ստեղծագործությունները, որոնցում թեև ընդգծվում է կանացի կերպարների առաջնահերթ կարևորությունը, բայց գրողի ուշադրությունն էապես բևեռված է տղամարդու հոգեմտավոր կարողությունների, այրամարդու ներաշխարհի բացահայտմանը: Մուզիլը փորձում է ցույց տալ, թե ինչպես ձգտումը դեպի հզորություն ու ինքնիշխանությունը տղամարդուն դարձնում են սիրելուն ընդունակ: Հանդիպումը կնոջհետ փորձություն է դառնում նովելների տղամարդ հերոսների համար: Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:


 

Մանկական գրականություն 
Ջեյն Էլիոթ, Քոլին Քինգ, «Հանս Քրիստիան Անդերսեն. Նրա կյանքի ճամփորդությունը»


Հանսի Քրիստիան Անդերսենի հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ: Դանիացի մեծ գրողը մանկության հավերժական հերոսներ է ստեղծել` «Ջրահարսը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», «Անճոռնի ճուտիկը» և այլն: Հեքիաթ է թվում նաև Անդերսենի կյանքի զարմանալի պատմությունը: Կոշկակարի որդուց` մինչև հռչակավոր գրող: Հայնց Յանիշը նրբաճաշակորեն է պատմել Անդերսենի կյանքի մասին ու իր պատմությանը միահյուսել Անդերսենի ամենահայտնի հեքիաթները: Իր սքանչելի նկարներով Մայա Քասթելիքը պատկերազարդ գրքերի շարքի մի նոր գանձ է ստեղծել: Նկարազարդումները` Մայա Քասթելիքի: Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Եփրեմյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:



Փաստավավերագրական գրականություն 
Դանիել Սմիթ, «Մտածել ինչպես Մանդելան»


Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը և ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությանը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետևում մնալով քսանյոթ տարի։ 1990 թվականին համաշխարհային քարոզարշավի արդյունքում ազատ արձակվելուց հետո Մանդելան զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որը նշանավորվել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վերացմամբ, երբ նա դարձավ երկրի առաջին սևամորթ նախագահը։ Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա իր կյանքը նվիրել է աղքատության և անհավասարության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել է ռասայական հաշտեցմանը։ Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու իդեալները, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է դրանք կիրառել ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Վերծանելով Մանդելային ոգեշնչած բաները, ինչպես նաև մեծ մարդու կողմից և նրա մասին արված մեջբերումները՝ այս գիրքն արտասովոր պատմություն է այն մասին, թե ինչպես են Մանդելայի կյանքն ու գործն ազդել նրա արարքների վրա։ Այն սովորեցնում է նայել աշխարհին հեռատես հանճարի աչքերով։ Թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Սարգսյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Համագործակցության համար հրատարակչությունները կարող են կապ հաստատել նախագծի հեղինակի հետ news.grigoryan@gmail.com էլեկտրոնային հասցեով 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am