Տնտեսություն

Պետությունը պատրաստ է օգնել թուրքական ապրանքների փոխարինման արտադրություն հիմնել ցանկացողներին

2 րոպեի ընթերցում

Պետությունը պատրաստ է օգնել թուրքական ապրանքների փոխարինման արտադրություն հիմնել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը պատրաստ է օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը:

«Այդ որոշումից պետք է օգուտներ քաղել: Պետք է հասկանալ, թե ինչպես է պետք մաքսիմալացնել այդ որոշման տնտեսական էֆեկտը: Այդ որոշման տնտեսական էֆեկտը կայանում է նրանում, որ մենք հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից, այսինքն՝ հիմնեն արտադրություններ»,-ասաց Քերոբյանը:

Նա նկատեց, սակայն, դա գրեթե հնարավոր չէ անել կես տարում, բայց 1 տարում հնարավոր է: «Այդ առումով մենք պատրաստ ենք քննարկել, օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում»,-ասաց Քերոբյանն ու հավելեց, որ արդեն շատ կան այդպիսի ընկերություններ:

Նախարարի խոսքով՝ պետությունը դա անելու է արտոնությունների, երբեմն նաև կապիտալի միջոցով: Նա նշեց, որ խոսքը ոչ միայն թուրքական ապրանքների մասին է, այլ նաև ԵԱՏՄ-ի կարգավորումների արդյունքում ձևափոխվող շուկաների: Օրինակ թռչնամսի ներմուծման մաքսատուրքը հաջորդ տարվանից զգալիորեն բարձրանալու է: Եվ պետությունն իր առջև խնդիր է դրել այնպես անել, որ Հայաստանը հաջորդ տարի արտադրի թռչնամսի ոչ թե 25 տոկոսը , 75-80 տոկոսը: Ընդ որում, Քերոբյանի խոսքով, հետաքրքրությունը կա ոլորտի այսօրվա «խաղացողների» կողմից:

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին՝ նախարարն ասաց, որ ուսումնասիրում են, թե ինչ տնտեսական օգուտներ կստացվեն այդ ապաշրջափակումից, ինչպես նաև, թե ինչ ճանապարհային քարտեզով պետք է դա տեղի ունենա՝ ապահովելու թե անվտանգությունը, թե քաղաքական օրակարգը և իհարկե նաև տնտեսական օրակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում