Արցախ

Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

2 րոպեի ընթերցում

Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:

Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:

Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները: Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում