Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հանրային սննդի ոլորտում շրջանառությունը նվազել է. ի՞նչ է ձեռնարկել բիզնեսը, ինչ են առաջարկում մասնագետները, ՊԵԿ տվյալներ

Հանրային սննդի ոլորտում շրջանառությունը նվազել է. ի՞նչ է ձեռնարկել բիզնեսը, ինչ 
են առաջարկում մասնագետները, ՊԵԿ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային օրերի ու ժամերի ավելացում, առաքման ծառայությունների ակտիվացում, ճաշացանկի թարմացում և այլն. հանրային սննդի կազմակերպման բիզնեսը տարբեր ուղղություններով աշխատում է՝ փորձելով համավարակից ու պատերազմից հետո վերականգնվել: Սիրիահայ Ճապաքջուրյանների ընտանիքը, տարիներ առաջ, Սիրիայի պատերազմով պայմանավորված, հաստատվեց Հայաստանում: Այստեղ սկսեց իր գործը՝ բացելով սննդի արագ պատրաստման կետ լահմաջոյի լայն տեսականիով: Սկզբում դժվարություններ շատ կային, սակայն քիչ-քիչ հաղթահարելով, կարողացան հունի մեջ ընկնել: Մինչ համավարակը հաջողությամբ աշխատում էին: 2020 թվականի համավարակն ու պատերազմը մեծ հարված հասցրին բիզնեսին: Սկզբում դժվարություններ կային տարածքի վարձակալության առումով, այնուհետև տեղափոխվեցին նոր տեղ, փորձեցին այդտեղ գործն ակտիվացնել, հետո էլ արցախյան պատերազմը սկսվեց:   

«Ստեղծված իրավիճակն ինչպես ընդհանուր երկրի վրա ազդեց, այնպես էլ՝ մեր բիզնեսի: Ունեցանք հաճախորդների, ֆինանսական հոսքերի զգալի կրճատում: Մի պահ ամբողջ քաղաքը սառած էր: Փորձեցինք ակտիվացնել առաքումը, նախկինում նման ծառայություն ունեինք, սակայն համավարակի պայմաններում մտածեցինք այդ ուղղությունն ավելի ակտիվացնել, ճաշացանկն ենք վերանայում: Եթե անկեղծ, հիմա դժվար փուլ է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց «Լահմաջո Կայծ»-ի տնօրեն Կայծ Ճապաքջուրյանը:  Նրա խոսքով, կառավարության աջակցության ծրագրերից օգտվեցին, սակայն դժվարությունները շատ են: Արդեն կիրակի օրերը նույնպես սկսել են աշխատել, հույս ունեն, որ զբոսաշրջային ակտիվություն կլինի և իրավիճակը քիչ-քիչ կմեղմվի:

Բավական դժվարին իրավիճակում է հայտնվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող «Սմբուկ» ռեստորանը: Տնօրենը շատ չցանկացավ խոսել, միայն ասաց, որ իրենք փակման եզրին են հայտնվել:

Ի տարբերություն վերը նշված երկու հանրային սննդի կետի, «Ակօ Սուշի»-ին, կարծես, քիչ-քիչ հաղթահարել է դժվարությունները: Ռեստորանի մենեջեր Կարինա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համավարակի սկզբնական փուլում այցելուների թիվը կրճատվել էր: Քանի որ ռեստորանը մինչ համավարակն էլ ուներ առաքման ծառայություն, հետևաբար բարդ իրավիճակը շտկվեց, երբ սկսեցին ակտիվացնել հենց առաքման ուղղությունը:

«Հիմա շատերն ավելի հաճախ են սկսել գալ ռեստորան: Ասեմ, որ այս տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ մեզ մոտ այցելուների տեմպն ավելի արագ սկսեց վերականգնվել: Քիչ-քիչ կարգավորվում է վիճակը: Այո, մենք ունենում ենք օրեր, երբ բոլոր սեղանները զբաղված են: Առաքումը պահպանվում է, բայց շատերը նախընտրում են գալ տեղում համտեսել»,-ասաց Կարինա Ավետիսյանն՝ ընդգծելով, որ տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս հաճախորդների ներգրավելու համար՝ ակտիվ են սոցիալական ցանցերում, սահմանում են զեղչեր:

Հարսանիքներ, խնջույքներ կազմակերպող ռեստորաններից մեկում նշեցին, որ տարին բավական դժվար է եղել: 2020 թվականի մարտից կարելի է ասել չեն աշխատել, սեպտեմբերին փորձեցին աշխատել, սակայն արդեն պատերազմով պայմանավորված ամրագրումները չեղարկվեցին: Փորձել են աշխատողներ չկրճատել, իսկ նրանք, որոնք օրավարձով են աշխատել, ռեստորանի փակ լինելու պատճառով գումար չեն ստացել: Կառավարության որոշմամբ, ռեստորաններում մարդկանց թվի սահամանափակումը հանելուց հետո որոշակի դրական դինամիկա է նկատվում, թեպետ ճիշտ չէ դա համեմատել համավարակից առաջ ունեցած պատկերի հետ: Ռեստորանից նշեցին, որ մարդիկ սկսել են ավելի շատ հետաքրքրվել, հարցնել, երբեմն ամրագրել, սակայն վճարումների առումով է փոփոխություն նկատվում: Հիմնականում փորձում են ամենամատչելի ճաշացանկն ընտրել, էկոնոմ տարբերակն են նախընտրում: Մեկ այլ խնդիր նույնպես նկատվում է՝ ապրանքների թանկացումը: Օղին է թանկացել, ինչը հարսանիքների, խնջույքների ժամանակ կարևոր է, նաև ձկնամթերքն է թանկացել:

«Մեզ մոտ խնդիրը հետևյալն է. ամենօրյա ռեստորանները, երբ մարդիկ գնում են հաց ուտելու, նրանք կարող են գնացուցակում փոփոխություններ մտցնել և վերանայված գնով սահմանել ճաշացանկը: Մեր պարագայում այլ է, օրինակ, 3-4 ամիս հետոյի համար հարսանիք ենք պայմանավորվել, իսկ այդ ընթացքում ապրանքը թանկացել է, ու մենք չենք կարող գին փոխել»,-նշում են ռեստորանից:  

Ռեստորանների հայկական միության ղեկավար Վահե Գևորգյանի խոսքով, շատ-շատ ռեստորաններ են դժվար իրավիճակում հայտնվել: Եղան ռեստորաններ, որոնք փակվեցին, եղան ռեստորաններ, որոնք իրենց մասնաճյուղերը փակեցին: Դրա հետևանքով մարդիկ մնացին գործազուրկ: Որոշ ռեստորանների ինչ-որ ձևով օգնեց առաքման ծառայությունների ակտիվացումը: Մատուցողները ժամանակավոր սկսեցին աշխատել որպես առաքիչներ:

«Պատերազմի արհավիրքից հետո հասկանում ենք, որ դեռ կորոնավիրուսը չի նահանջում: Պարզ է, որ հասարակությունը դեռ շատ չի այցելի հանրային սննդի օբյեկտներ: Դրան գումարում ենք տուրիստների բացակայությունը: Մենք ակնկալում ենք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը, Ռուսաստանի հետ կապված պատուհան բացվելու առումով, կարելի էր հնարավորությունն ավելի ճիշտ օգտագործել: Թեպետ հիմա էլ ուշ չէ: Կոչ ենք անում պատկան մարմիններին, որպեսզի շատ արագ մարկետինգային արշավ անցկացվի Ռուսաստանում: Շատերը չգիտեն, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով իրավիճակը բարելավվել է»,-ասաց միության ղեկավարը: Նրա խոսքով, այդ իրազեկման արշավը պետք է իրականացնել նաև այն ուղղություններով, որտեղ կորոնավիրուսային առումով իրավիճակը բարվոք է: Դա կօգնի գոնե մի քիչ զբոսաշրջային հոսք ապահովել: Դրանից բացի, կարևոր է, որ կառավարությունը շարունակի աջակցման ծրագրերը, հակառակ պարագայում դեռ ռեստորաններ կփակվեն, որովհետև, ընդհանուր առմամբ, ոլորտում իրավիճակը ծանր է:

Հանրային սննդի կետերի դժվարությունները, շրջանառության նվազումը երևում է նաև թվային տվյալներով: Պետական եկամուտների կոմիտեի՝ «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում 2020 թվականին շրջանառությունը կազմել է 118 մլրդ դրամ, 2019-ին այդ ցուցանիշը 229 մլրդ էր: Ոլորտում գործում է շուրջ 4 հազար 500 տնտեսավարող:

Աննա Գզիրյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]