Տնտեսություն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

3 րոպեի ընթերցում

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող  ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:

«Հանձնաժողովի՝ հունվարի 29-ին կայացած նիստում, որոշվել է ուժը կորցրած ճանաչել՝ «ՋԵՆԵՐԱԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «ԼԵՎ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը: Միաժամանակ, ընկերությունները ազատվել են բանկի երաշխիքային պարտավորությունից»,- մանրամասնում են հանձնաժողովից:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու հարցը:

«Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնցում առկա են բարձր կենտրոնացվածություն և մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկեր: Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ուսումնասիրություն՝ հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների շրջանում, օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու նպատակով»,-հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից՝ հավելելով, որ առաջարկություն է ներկայացվել է ուսումնասիրություն իրականացնել նաև ծաղիկների շրջանառության ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում