Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Մայիս

Բաբաջանյանի նվագն ապշեցնում էր, շշմեցնում. Մելիք Մավիսակալյանը՝ մեծ կոմպոզիտորի մասին

Բաբաջանյանի նվագն ապշեցնում էր, շշմեցնում. Մելիք Մավիսակալյանը՝ մեծ 
կոմպոզիտորի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 22-ին արվեստագետները, երաժշտասերները տոնում են մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:

Կոմպոզիտորի հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բաբաջանյանի մասին հիշողություններն է կիսել դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը, որը բազմիցս համագործակցել է Առնո Բաբաջանյանի հետ:

«Բաբաջանյանը յուրահատուկ տաղանդ ուներ: Դեռ պատանեկան տարիներից լուրջ զբաղվում էր դաշնամուրով, աշխատում էր, պարապում: Ցավոք, 1960-ականներին ավելի շատ տարվեց երգարվեստով և հազվադեպ էր ելույթ ունենում՝ ներկայացնելով իր ստեղծագործությունները: Եթե երաժիշտ-կատարողն ամեն օր չի զբաղվում իր գործիքով՝ զարգացնելով կատարողական արվեստը, կամաց-կամաց սկսում է հանգել, իսկ Բաբաջանյանի դեպքում նման բան տեղի չունեցավ: Մինչև կյանքի վերջին տարիները, երբ նստում էր դաշնամուրի մոտ, նրա նվագն ապշեցնում էր:  Դաշնամուրն ասես նրա մարմնի մի մասը լիներ: Հիշում եմ՝ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը առավոտյան վեր էր կենում և առանց նախաճաշելու նստում էր դաշնամուրի առաջ ու նվագում Ռախմանինովի, Շոպենի և այլ մեծերի գործերը: Շշմելու էին նրա կատարումները: Հրաշալի ձեռքեր ուներ»,- պատմեց Մավիսակալյանը:

Ըստ կոմպոզիտորի՝ Բաբաջանյանի համար գործիքն ասես խաղալիք լիներ: Մավիսակալյանը հանճարեղ դաշնակահար է համարում Առնո Բաբաջանյանին և ցավում, որ նա չի շարունակել կատարողական գործունեությունը:

Խոսելով Բաբաջանյանի առանձնահատուկ ստեղծագործությունների մասին՝ Մավիսակալյանն ասաց, որ դրանց բարձրակետը «Հերոսական բալլադն» է, որն ստեղծեց պատերազմի տարիներից հետո և մեծ գնահատականի արժանացավ, որովհետև իսկապես հանճարեղ գործ է, և մինչ օրս ոչ ոք այն Բաբաջանյանի պես չի կատարել: «Բացի այդ, հրաշալի են նրա Դաշնամուրային տրիոն, Ջութակի սոնատը, ավելի ուշ ժամանակների դաշնամուրային «Վեց պատկերը», որն ուղղակի ցնցեց  երաժշտական աշխարհը, որովհետև Բաբաջանյանն օգտագործեց ժամանակակից երաժշտական մեթոդներով: Դոդեկաֆոնիայի համակարգով Բաբաջանյանը կարողացավ հայկական ոգով երաժշտություն ստեղծել: Դա արտահայտվում է «Վեց պատկեր» ստեղծագործության մեջ: Իսկապես մեծ գյուտ էր, զարմանալի էր, շշմելու էր»,- շեշտեց Մելիք Մավիսակալյանը:

Անդրադառնալով Առնո Բաբաջանյանի մարդկային որակներին՝ Մավիսակալյանն ասաց, որ նա հումորով էր, շատ էր սիրում մեծ շրջապատ ունենալ: «Չէր սիրում միայնակ լինել ու շրջապատում միշտ կենտրոնում պետք է լիներ. ասես տիրում էր շրջապատին: Թե՛ երաժշտության, թե՛ կենցաղին, թե՛ ընկերությանն ու կյանքին վերաբերող հարցերում ուզում էր հաղթող լինել, ինչը նրան հաջողվում էր: Բաբաջանյանը նույնիսկ նարդի, շախմատ խաղալիս պետք է հաղթեր: Հաղթելու  ցանկությունն ամբողջ կյանքում նրա հետ էր: Հարկ եմ համարում նշել, որ Բաբաջանյանը հարգանքով էր վերաբերվում իր շրջապատին: Բարձր էր գնահատում նաև իմ աշխատանքը, իսկ ես նրա ստեղծագործություններից շատերը գործիքավորել եմ նվագախմբերի համար, միասին նույնիսկ երաժշտություն ենք գրել ֆիլմի համար: Առնո Բաբաջանյանին համարում եմ իմ լավագույն բարեկամներից մեկն ու շատ բան եմ սովորել նրանից: Առնո Բաբաջանյանի երաժշտությունն ինձ համար շատ մեծ նշանակություն  ունի: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել համագործակցել մեծն կոմպոզիտորի հետ»,- եզրափակեց Մելիք Մավիսակալյանը:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ