Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ի ու Արցախի կառավարություններից ֆինանսական աջակցություն են ստացել 96 հազարից ավելի արցախցիներ

ՀՀ-ի ու Արցախի կառավարություններից ֆինանսական աջակցություն են ստացել 96 
հազարից ավելի արցախցիներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական աջակցություն են ստացել 96 հազարից ավելի արցախցիներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը: Նրա խոսքով, դրամական օգնությունից բացի, այս ընթացքում աջակցություն է տրամադրվել կեցության, սննդի, հագուստի, փաստաթղթերի ապահովման ուղղությամբ, կազմակերպվել են դպրոցահասակ երեխաների կրթական հարցերը: Անհրաժեշտության դեպքում լուծվել են նաև առողջապահական խնդիրները՝ վիրահատական, հետվիրահատական շրջան, դեղորայք և այլն:

«Ինչպես գիտենք, այս ընթացքում բազմաթիվ ընտանիքներ վերադարձել են Արցախ ու դեռ շարունակվում է վերադարձի գործընթացը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գտնվող արցախցիների զգալի հատվածը սպասում է բնակարանաշինությանը: Արցախի կառավարությունը հայտարարել է, որ սեղմ ժամկետներում այդ հարցերը կկարգավորվեն, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեկ, երկու տարվա խնդիր է»,-ասաց Միքայել Վիրաբյանը:

Ներկայում կատարվում է Արդբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած արցախցիների կարիքների գնահատում: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավարը փորձելու է աշխատանքները համակարգել՝ ավելի շատ լինելով մարզերում, բնակավայրերում, որտեղ ավելի շատ են տեղաբաշխված Արցախի քաղաքացիները: Շտաբն արցախցիներ հյուրընկալած հյուրանոցային համալիրների հետ աշխատանքներ է տանում, որպեսզի ծախսերի որոշակի փոխհատուցում կատարվի:

Միքայել Վիրաբյանը կարևորեց արցախցիների զբաղվածության հարցը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի  կառավարությունը հաստատել է մեկ տասնյակից ավելի սոցիալական աջակցության ծրագրեր, որոնցից երկուսը վերաբերում են զբաղվածությանը: Արդեն սկսվել է դիմումների ընդունման գործընթացը: Խոսքը վերաբերում է գործատուի մոտ փորձի ուսուցմամբ աշխատանքների կազմակերպմանը, որն ուղեկցվելու է վարձատրությամբ: Մյուս ծրագիրը հասարակական աշխատանքներին է վերաբերում, որը կրկին վարձատրվելու է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am