1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայերի ջարդերի համար Բաքվի պատասխանատվության ընդունումը խաղաղության նախադրյալ է. ԱՀ ԱԳՆ

Հայերի ջարդերի համար Բաքվի պատասխանատվության ընդունումը խաղաղության 
նախադրյալ է. ԱՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնար Բաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝ 1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլ կտար արմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը  դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։
 
Բաքվի ջարդերը շարունակվել են ավելի քան մեկ շաբաթ, որի ընթացքում բազմահազարանոց ջարդարարների ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, ներխուժում էին հայերի տները՝ թալանելով, խեղելով և սպանելով մարդկանց։ Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների մասին բազմաթիվ փաստագրված վկայություններ կան։ Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման, որը կազմակերպված և համակարգված բնույթ էր կրում։
 
Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայ բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի և զանգվածային հանցագործություններից մեկը: 1988-1991թթ. ընկած ժամանակահատվածում նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց. Հյուսիսային Արցախը, Գանձակը և մի շարք այլ տարածքներ զրկվեցին իրենց բնիկ բնակչությունից: Արդյունքում՝ շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական, հազարավորները զոհվեցին:
 
Հայ ժողովրդի նկատմամբ Բաքվի մարդատյաց և ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-1994 թթ., մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Շահումյանի և Մարտակերտի շրջանների օկուպացիայի ժամանակ և Մարաղա գյուղում, որի բնակիչների մեծ մասը դաժանաբար կոտորվեց։
 
Ադրբեջանի իշխանությունների՝ իրականացված ցեղասպան գործողությունների բազմամյա և հետևողական ժխտումը մի կողմից, և նման հանցագործությունների խրախուսումը դրանց իրագործողների հերոսացման միջոցով՝ մյուս կողմից,  դարձել են Ադրբեջանի քաղաքականության հիմնական շարժիչ ուժը, որի նպատակն է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում և հայ ժողովրդի ներկայության բոլոր հետքերը՝ իրենց բնիկ բնակության տարածքում: Այդ քաղաքականությունը, վերջին հաշվով, կանխորոշեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ 44-օրյա պատերազմը: Զինված ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ և համակարգված պատերազմական հանցագործություններով, ներառյալ՝ խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հարձակումները և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծումը՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ, դաժան հաշվեհարդարները, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքը ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ կերպով նման վայրագություններ պարունակող տեսանյութեր է տեղադրում սոցիալական ցանցերում:
 
Դժվար է պատկերացնել դեպի խաղաղություն ճանապարհը, քանի դեռ ադրբեջանական հանրության շրջանում շարունակում են գերիշխել իշխանությունների կողմից տարիներ շարունակ սերմանվող մարդատյաց գաղափարախոսություններն ու արժեքները: Ադրբեջանի կողմից սանձազերծված արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնար Բաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝ 1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլ կտար արմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության համար»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]