Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի 
նախարարի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության տեսլականում է ՀՀ պաշտպանության նախարարությունը դարձնել տնտեսության խթանիչ ուժերից մեկը, մոտակա տարիներին ՊՆ-ն կհանդիսանա տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Տնտեսության զարգացման մոտեցումների, աճի կանխատեսումների, գնաճի վերահսկման մեխանիզմների, հետպատերազմյան իրավիճակում ներդրումների ներգրավման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

-Պարոն Քերոբյան, Դուք նախարար եք նշանակվել այն ժամանակ, երբ տնտեսությունը վատ վիճակում է, պետբյուջեի նախագծով կանխատեսվում է տնտեսական անկում, ընդ որում՝ ԿԲ-ի կանխատեսումն ավելի վատատեսական է, իսկ վարչապետն իր ճանապարհային քարտեզում նախանշվում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում, ինչպե՞ս եք պատկերացնում, տնտեսության ո՞ր ճյուղի հաշվին եք հիմնականում պատկերացնում այդ վերականգնումն ապահովելը, որո՞ն ք են առաջնային կարևոր անելիքները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ տնտեսությունը դուրս բերեք վատ վիճակից:

-2020-ը անկումային տարի էր, բայց 2021-ը պետք է լինի աճի տարի: Տարբեր գնահատականներ կան, ամենալավատեսականը, գուցե, իմ գնահատականն է: Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից: 2020-ը աղետալի տարի էր՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն, բայց սա նաև լավ հնարավորություն է՝ նորից սկսելու համար, վերաիմաստավորելու տնտեսության ճյուղերը, վերաիմաստավորելու մեր ապրելակերպը, ուշադրություն դարձնելու կրթությանը, գիտությանը և այլն: Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լինի պետության կիզակետում, արժեքային շղթաների երկարեցումն է՝ համագործակցությունը խորացնելու շնորհիվ: Օրինակ, Հայաստանում կան լավ ոսկերիչներ և լավ ադամանդագործներ: Բայց ադամանդագործներն իրենց ադամանդները վաճառում են դրսում, ոսկերիչներն էլ իրենց հերթին ադամանդներն են գնում դրսից: Թվում է, որ համագործակցությունը ներսում պետք է ավելի սերտ լիներ, և արդյունքում լրացուցիչ արժեքը, որը կմնար Հայաստանում, կլիներ ավելի մեծ, բայց այդ համագործակցությունը չկա, ամեն մեկն ինքնուրույն է աշխատել: Որպես նախարարություն՝ մեր գործը պետք է լինի համախմբել այն մարդկանց, որոնք կարող են միասին համագործակցել և արդյունքում ստանալ ավելի թանկ ապրանքներ: Դա ուղղություններից մեկն է, բայց ոչ ամենակարևորը: Ամենակարևորը տնտեսության երակներում արյուն լցնելն է: Եվ դա կապիտալն է: Հայաստանում կապիտալը դեռևս շարունակում է մնալ շատ անհասանելի: Մենք ունենք բանկեր, որոնք վարկ են տալիս, որը կայացած ֆինանսական համակարգ է, բայց դա տնտեսության ֆինանսավորման շերտերից միայն մեկն է: Մենք չունենք ոչ հրեշտակային ֆինանսավորման գործիքներ, ոչ մասնավոր և վենչուրային ֆոնդերի գործիքներ, ոչ կորպորատիվ արժեթղթերի շուկա, ոչ կապիտալի կայացած շուկա: Այս բոլորն այն ֆունդամենտալ ենթակառուցվածքներն են, որոնք պետք է սնեն տնտեսությունը կապիտալով: Մեր ամենամեծ առաջնահերթությունը պետք է լինի այն, որ կարողանանք տնտեսությանը և ընդհանրապես գործարարներին, բիզնեսով զբաղվել ցանկացող մարդկանց հասանելի դարձնել ֆինանսական միջոցները:

-Հայաստանում վերջին շրջանում դրամը գնալով արժեզրկվում է, որոշ տնտեսագետներ ասում են, որ սրա պատճառն այն է, որ քաղաքական անորոշությունները վերաճում են տնտեսական խնդիրների, դրանց լուծում չի տրվում, արդյունքում դրամն արժեզրկվում է: Նախ դրամի՝ այս չափով արժեզրկումն ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվի այն կանխելու համար, Ձեր ղեկավարած գերատեսչություն ի՞նչ անելիք կարող է ունենալ այս հարցում:

-Մենք որպես արտահանմանը միտված երկիր, տնտեսություն, իհարկե, պետք է անենք այնպես, որ մեր արժույթը լինի համահունչ մեր հիմնական առևտրային գործընկերների արժույթներին: Իսկ այսօր դրամն անհամեմատ ավելի կայուն է, քան մեր հիմնական գործընկերների արժույթները, որոնք են ԵԱՏՄ-ն, Վրաստանը, Իրանը և բազմաթիվ այլ երկրներ, որտեղ այս տարի, Covid-19-ով պայմանավորված՝ ազգային արժույթների 30-40 տոկոսանոց արժեզրկում է եղել: Այս առումով մենք համարում ենք, որ հակառակը, այս արժեզրկումն անհամեմատ ավելի քիչ է, քան իրականում պետք է Հայաստանի տնտեսությանը: Կա ուղիղ համեմատական՝ դրամի և դոլարի կուրսի փոփոխության և արտահանման աճի միջև: Այսինքն, եթե դրամը 1 տոկոսով արժեզրկվում է, հանգեցնում է արտահանման մոտ 1.7 տոկոս աճի: Հետևաբար, եթե, օրինակ, պատկերացնենք, որ դրամը 10 տոկոսով արժեզրկվի, արտահանումը 17 տոկոսով կաճի, ինչն էլ կնշանակի նոր աշխատատեղեր և այլն:

-Այդ դեպքում երկրում կլինի գնաճ:

 -Ամբողջ խնդիրն այն է, որ գնաճը պետք է լինի վերահսկելի: Արտահանման աճն ինքնին նշանակում է, որ տեղական արտադրանքը սկսում է ավելի մրցունակ դառնալ: Եվ դրա հաշվին գնաճը նաև կզսպվի: Տեղական արտադրանքները կսկսեն փոխարինել ներմուծված ապրանքներին, որն էլ կբերի նրան, որ մենք կունենանք ավելի շատ տեղական արտադրության վրա հիմնված տնտեսություն. հիմա այդպես չէ:

-Սահմանազատման աշխատանքների արդյունքում կորցրեցինք Սոթքի հանքավայրի մի մասը: Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջատարներից է, վերջին տվյալներով՝ 4-րդ խոշոր հարկատուն է, փաստորեն կորցնում ենք խոշոր հարկատու: Ձեր տվյալներով դա Հայաստանի արտահանման ծավալներում ի՞նչ մաս էր կազմում, ի՞նչ չափով կորուստ կկրենք այս մասով ևս:

-Մեր նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ տնտեսական ներուժը պաշտպանվի և աճի: Այսինքն՝ մի կողմից ներդրումներով պետք է աճեցնել, մյուս կողմից էլ պետք է ստեղծել այն բոլոր պետական պաշտպանիչ միջոցառումները, որպեսզի մեր տնտեսական համակարգի մասնակիցները կարողանան աշխատել:

Սոթքի մասով, ցավալի է, որ այդպես եղավ, սակայն պետք է անել առավելագույնը, որ կոմպենսացվի այն վնասը, որ մենք այդտեղ ունեցանք: Մենք շատ մեծ վնասներ ենք ունեցել, դրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Եվ, իհարկե, պաշտպանության նախարարությունը այստեղ կարող է հանդես գալ որպես տնտեսության խթանիչ ուժերից մեկը: Մոտակա տարիներին այն կհանդիսանա մեր տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Ես չեմ էլ ուզում ասել պատվիրատուներից մեկը, այլ՝ ամենամեծ պատվիրատուն՝ թե շինարարական աշխատանքների, թե ենթակառուցվածքների, թե ռազմարդյունաբերության, բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ այդ ընկալումը կարծես կա, որ ՊՆ-ն պետք է դառնա մեր երկրի ամենամեծ պատվիրատուն, նաև խթանի տնտեսական աճը՝ իր կողմից:

-Հետպատերազմյան շրջանում բնականաբար շատ դժվար կլինի ներդրումներ ներգրավել, ներդրողները նախընտրում են կայուն միջավայր, այս առումով ի՞նչ քայլեր եք նախատեսում, որ Հայաստանի շուկան գրավիչ դառնա հնարավոր ներդրումների համար:

-Պատկերավոր ասած, կա շատ մոտիկ դրված միրգ՝ տեղական ներդրողը՝ իր գումարով, իր ծրագրով, հավատով իր հայրենիքի նկատմամբ: Սա այն ամենաառաջին միրգն է, որ պետք է քաղել և օգտագործել: Մյուսը պետական քաղաքականությունն է: Եվ այստեղ մենք պլանավորում ենք էապես փոխել պետության դերը՝ ներդրումային քաղաքականության մեջ, և պետությանը դարձնել ակտիվ ներդրող: Պետությունն ունի շատ ռեսուրսներ՝ գույք, գումար, օրենսդրական կարգավորումներ, և այդ ամենը պետք է օգտագործել, որ ներդրումային միջավայրը խթանվի: Օրինակ, մենք չունենք լավ օրենսդրություն՝ ջրամբարների վերաբերյալ, և ջրամբարներ չեն կառուցվում: Արևային էլեկտրակայանների առումով հիմա մեծ մրցակցություն կա: Հիմա, եթե մենք մարդկանց տանք լավ հնարավորություններ, լավ «business case»՝ ջրամբարների վերաբերյալ, ապա կարող ենք նույնն անել նաև ջրամբարների մասով և ստեղծել նոր ներդրումային ոլորտ: Եվ այն մարդիկ, որոնք ուզում են մեկ անգամ ներդրում անել և 20 տարի երաշխավորված շահույթ ունենալ, միանգամից կմտնեն այդ բիզնեսի մեջ: Նոր հնարավորություններ կստեղծենք:

-Պարոն նախարար, վերջին օրերին վերաակտիվացավ պարգևավճարների թեման, նախարարությունում նոյեմբերին մոտ 50 մլն դրամի պարգևավճար են ստացել: Այս թեմայով կցանկանա՞ք որևէ պարզաբանում ներկայացնել:

-Պետք է հասկանալ, թե ինչ է այդ պարգևավճարը: Դա պարգևավճար չէ, այլ՝ աշխատավարձի այն հատվածն է, որը այս պահին օրենքով հնարավոր չէ տալ: Պետական աշխատողները ստանում են շատ ցածր աշխատավարձ, և եթե մենք չտանք իրենց շուկայականին մոտ աշխատավարձ, ապա այդ մարդիկ կամ կգնան կամ կոռուպցիայի մեջ թաթախվելու գայթակղությունը մեծ կլինի: Ժամանակին որոշվել է՝ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է ապահովել նրանց նվազագույն եկամտի շեմը, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց տեղում իրենց գործը լավ անել: Շատ են խոսում պետական համակարգի անարդյունավետության մասին, բայց ես հավատացնում եմ, որ դա շատ քիչ է վերաբերում հենց կոնկրետ մարդկանց: Ավելի շատ դա պրոցեսների հարց է, քան մարդկանց: Ես եկել եմ մասնավոր ոլորտից և ուղղակի ցնցված եմ՝ տեսնելով, թե ինչքան կոմպետենտ աշխատակիցներ կան պետական համակարգում, ինչը ես չէի ակնկալում այն իմիջից, որը տարածված է: Այստեղ պետք է տալ այն գործիքները և այն հնարավորությունները, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ արդյունք տալ: Դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի մյուս կտորն է: Կա աշխատավարձի ֆիքսված կտոր և կա աշխատավարձի այն կտորը, որը տրվում է լրացուցիչ՝ ֆիքսված աշխատավարձին, որպեսզի այս մարդիկ կարողանան նորմալ ապրել: Պատկերացրեք, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ոչ՝ ես, այլ ինստիտուտը, պատասխան է տալիս մի տնտեսության համար, որի չափը 13.5 մլրդ դոլար է: 13.5 մլրդ դոլար համախառն ներքին արդյունք սպասարկող և դրա պատասխանատու մարդը չի կարող ստանալ դրանից միլիոն անգամ քիչ աշխատավարձ: Եթե մենք ուզում ենք, որ այդ 13.5 մլրդն աճի, ապա այստեղ պետք է լինի հնարավոր ամենալավ մարդը, և, իհարկե, այդ մարդու բարձր աշխատավարձը կոմպենսացվի այն տնտեսական աճով, որ ինքն ու իր թիմը կտան: Վերջին 2.5 տարվա մեջ մանիպուլացվում է պարգևավճարների թեման, այդ թեման ընդհանրապես գոյություն չունի, քանի որ դա աշխատավարձ է:

Ես միշտ իմ նախկին աշխատատեղերում փորձել եմ այնպես անել, որ իմ աշխատողները ստանան հնարավոր ամենաբարձր աշխատավարձը, որովհետև միայն այդ պարագայում ես կարող եմ ունենալ ամենալավ մարդկանց: Այստեղ էլ, ես իհարկե ուզում եմ ունենալ ամենալավ մասնագետներին, և աշխատավարձի վրա խնայելը ամենասխալ բանն է, որ կարելի է անել արդյունքի հասնելու ճանապարհին:

-Պարզապես այս դեպքում գտնվում էինք հետպատերազմյան իրավիճակում:

- Հավատացնում եմ ձեզ, որ նախարարության աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով են աշխատել այս ամբողջ ընթացքում: Եվ դրանից հետո նրանց ասել՝ երկու անգամ էլ ավելի քիչ աշխատավարձ ստացեք, ուղղակի անարդար կլինի այդ մարդկանց նկատմամբ: Դրա համար, եթե մարդիկ նույն աշխատավարձով, բայց արդեն 200 տոկոս նվիրվածությամբ լծվում են այն խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են պատերազմի ընթացքում, մենք պետք է իրենց ոչ թե պատժենք, այլ խրախուսենք:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]