Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Ucom-ը 2021 թ-ին նախատեսել է արդիականացնել շարժական ցանցը. բաժանորդները կօգտվեն ավելի արագ կապից

Ucom-ը 2021 թ-ին նախատեսել է արդիականացնել շարժական ցանցը. բաժանորդները 
կօգտվեն ավելի արագ կապից

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը 2021 թվականին նախատեսել է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը որպեսզի հետագա տարիներին պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ  զրույցում ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

«2021 թվականը պետք է դարձնենք մեր զարգացման տարի: Շարժական կապի ոլորտում փոփոխություններ ենք անելու: Այդ կապի մեր բաժանորդները սկսած 2021 թվականի վերջից և 2022-ի սկզբից տեսնելու են էական փոփոխություն իրենց ստացված արագության և որակի մեջ: Հաջորդ տարի նախատեսված է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը, որպեսզի հետագա տարիներին ընկերությունը պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը: Այսինքն, 2 տարուց մենք պլանավորում ենք ունենալ 5G ready, այսինքն` 5G-ին պատրաստ ցանց:  Երբ կլինի համապատասխան ռադիոհաճախականություն, հնարավոր ենթակառուցվածք պետության կողմից, ընկերությունը պատրաստ կլինի դրան»,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով ֆիքսված կապին` Ucom-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ նրանք 1-2 ամսվա ընթացքում կտեսնեն էական բարեփոխումներ, քանի որ աշխատանքներ են տարվում միջազգային վենդերների հետ:

«Արդեն իսկ ձեռք են բերվել լուծումներ, այս պահին ներդրման գործընթացն է իրականացվում: Ֆիքսված կապի բաժանորդներն ամիսների ընթացքում ձեռք կբերեն էլ ավելի կայուն ու արագ կապ: 2021 թվականին կան նաև այլ ծրագրեր, տարբեր պրոդուկտներ, որոնք ցանկանում ենք  ինտեգրել մեր բաժանորդների համար: Նախատեսում ենք այլ ծառայություններ, որպեսզի մեր բաժանորդներն ավանդական ծառայություններից բացի ստանան նաև այլ ծառայություններ: Առայժմ փակագծերը չեմ բացի»,- ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ նորացված թիմով ընկերությունը պատրաստվում է հանդես գալ նաև մրցակցային կոմերցիոն առաջարկներով:

Խաչատրյանը նաև շեշտեց, որ այս պահին Ucom-ում գործում են առաջարկներ թե շարժական, և թե ֆիքսված կապի բաժանորդների համար, ինչպես նաև գործում է առցանց ապառիկի հնարավորությունը ընկերության ինտերնետ-խանութում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ