Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է համոզմունքն այն մասին, որ այն իրավիճակում, որում նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը:

«Այլ խնդիր է, թե մենք ինչո՞ւ հասանք նման կետի, ինչպե՞ս հասանք, ի՞նչ հանգամանքներում եւ ժամկետում հասանք, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ի՞նչ զարգացում ստացավ, ի՞նչ հանգրվաններ ունեցավ: Սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան, եւ ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն: Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է, իսկ այսօր մենք ունենք հրատապ եւ անհետաձգելի հարցեր: Նկատի ունեմ՝ այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր մենք ունենք հրատապ հարցեր, իսկ այդ հարցերից կարեւորագույնը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո՝ ի՞նչ սցենար են նկարագրում դրանից հետո, եւ ի՞նչ հետեւանքների կբերի այդ սցենարը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով միտքը՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Այն ենթադրում է, որ Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին:

«Այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: Եւ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները դա թույլ չեն տալու: Նա շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմինների աշխատողներին այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]