Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատգամավորը դրամի արժեզրկման պայմաններում կանխատեսում է կառավարելի գնաճ

Պատգամավորը դրամի արժեզրկման պայմաններում կանխատեսում է կառավարելի 
գնաճ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը երկրում դրամի արժեզրկման ֆոնին տեսնում է գնաճային ճնշում, սակայն վստահ է, որ գնաճը կլինի կառավարելի, քաղաքացիներին հորդորում է խուճապի չմատնվել, չդիմել խուճապային քայլերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը դրամի արժեզրկումը պայմանավորեց առկա անորոշություններով: 

«Ներկայում առկա անորոշություններով պայմանավորված՝ դրամի վրա ճնշումն էլ ավելի է մեծանում: Դրամի որոշակի արժեզրկումը կար նաև համավարակի սկզբնական շրջանում»,-ասաց Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում ԿԲ-ն, կառավարությունը բազմիցս ասել են, որ վիճակը կառավարելի է: «Արդյունքում տեսանք, որ իսկապես կառավարելի էր: Տնտեսությունն իհարկե վնասներ էր կրում, անկում էր գրանցվում, բայց մեծ հաշվով, քանի որ խնդիրներն ինստիտուտիցիոնալ բնույթի չէին, հնարավոր եղավ վերականգնել միտումները»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը նկատեց, որ ողջ աշխարհում հիմա նաև համավարակի երկրորդ ալիք կա, ինչը տնտեսական անկման վերաբերյալ ավելի վատատեսական սցենարներ է առաջ քաշել: «Հայաստանում այս երկրորդ ալիքին գումարվել են նաև պատերազմական իրավիճակը, անորոշությունները: Եվ այս անորոշությունները բերում են նրան, որ ներդրողները կամ այն մարդիկ, որոնք ունեն խնայողություններ, սկսում են ձեռնպահ մնալ հավելյալ տնտեսական ակտիվությանը միտված քայլեր ձեռնարկելուց»,-նշեց նա:

Մանուկյանի կարծիքով՝ դրամի արժեզրկման պայմաններում գնաճային ճնշումներ կան, քանի որ Հայաստանը ներմուծող երկիր է: «Բայց, այնուհանդերձ, գնաճը կլինի կառավարելի»,-նշեց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ գնաճի համար Կենտրոնական բանկի սահմանած նպատակային ցուցանիշը 4 տոկոսի շրջակայքում է, բայց այն մշտապես նույնիսկ 2.5 տոկոսի մոտ չի եղել, ստորին հատվածում է եղել: «Կարծում եմ, որ նույնիսկ այս պարագայում, երբ որոշակի ճնշում կա, գնաճը կառավարելի է լինելու: Այն ուղղակի կգտնվի ոչ թե ստորին մակարդակում, այլ թիրախի մոտակայքում»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով՝ գնաճային ճնշումը կմեղմվի: Պատգամավորը սա բացատրում է նաև նրանով, որ աշխարհում էլեկտրոնային հարթակները մեծացրել են մրցակցությունը: «Եվ այդ մրցակցության արդյունքում գնագոյացումն էլ ավելի արադարացի հիմունքների վրա է: Սա աշխարհում նկատվող միտում է: Երկրներն ավելի բարձր գնաճեր էին թիրախավորում, բայց արդյունքում ավելի ցածր էին ստանում՝ նաև պայմանավորված էլեկտրոնային հարթակների ավելացմամբ»,-ասաց նա: 

Պատգամավորը նկատեց, որ դրամի արժեզրկումը նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում հայաստանյան արտահանողների համար: «Բայց արհեստականորեն նման երևույթներին ձգտելն ինքնախաբեություն է: Եթե այդպես լիներ, ամեն երկիր կփորձեր այս միջոցով հավելյալ ազդակներ հաղորդել: Ամենակարևոր ազդակը, որ կարող է արտահանման մասով բերել ավելի բարենպաստ դիրքերի, աշխատանքի արտադրողականության բարձրացումն է»,-ասաց Մանուկյանը: 

ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Պատգամավորի համար ԿԲ-ի հաղորդագրությունը մեսիջ է, որ այս խնդիրները մեծ մասով կառավարելի են և շատ կարճաժամկետ բնույթ են կրում: Նա նշեց՝ ԿԲ-ն բազմիցս ապացուցել է, որ կայացած ինստիտուտ է։ Մանուկյանը վստահում է` անհրաժեշտ քայլեր կձեռնարկի և քաղաքացիներին հորդորում է դրամի արժեզրկման պայմաններում հավատալ ինստիտուտներին: «Խուճապային քայլերի կարիք չկա: Այդ խումբը վստահաբար տուժելու է: Օգտվելու են սպեկուլյատիվ ռիսկեր փնտրող սուբյեկտները, սկսելու են հավելյալ եկամուտներ գեներացնել»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ ինչքան խուճապային տրամադրություններ լինեն, այնքան դա կարող է հանգեցնել համակարգային ցնցման: 

Հայաստանում վերջին շրջանում արտարժույթը թանկանում է: Ըստ ԿԲ-ի  կայքում հրապարակված վերջին տվյալների՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 512.31՝ աճելով 6.99 դրամով, եվրոյինը՝ 608.83՝ աճելով 8.71 դրամով, ռուբլունը՝ 6.75՝ աճելով 0.09 դրամով:

Ըստ rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում նոյեմբերի 24-ի վերջին տվյալներով՝ դոլարը գնվում է 505-510 դրամով, վաճառվում՝ 516-522 դրամով, եվրոն գնվում է 596-604.50 դրամով, վաճառվում՝ 614-624 դրամով, ռուբլին գնվում է 6.58-6.71 դրամով, վաճառվում՝ 6.85-7.10 դրամով:  

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]