Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Մեզ սարերի չափ խնդիրներ են սպասվում. թուրք տնտեսագետները՝ ԿԲ նոր որոշման մասին

Մեզ սարերի չափ խնդիրներ են սպասվում. թուրք տնտեսագետները՝ ԿԲ նոր որոշման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կենտրոնական բանկի (MB) նորընտիր նախագահ Նաջի Աղբալի ղեկավարությամբ ձևավորված Դրամավարկային քաղաքականության կոմիտեն (PPK) հրապարակել է տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ շաբաթական ռեպո 1․25 տոկոսադրույքը 475 հիմնային կետով բարձրացավ 15 տոկոսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է GazeteDuvar լրատվական կայքը, որտեղ տեղ են գտել տնտեսագետներ Վեյսել Ուլուսոյի, Օղուզ Դեմիրի՝ տոկոսադրույքի որոշման վերաբերյալ մեկնաբանությունները։

Վեյսել Ուլուսոյի մեկնաբանությամբ՝ տոկոսադրույքի վերաբերյալ այս որոշումը, որը զուտ միտված էր փոխարժեքի տենդը նվազեցնել, իրականում այն հավասարեցրել է շուկայի 15% տոկոսադրույքին: Տնտեսագետը, մասնավորապես, նշել է․ «Հայտարարության մեջ կենտրոնական բանկը առաջ է քաշել պահուստների ավելացման, արտարժույթի փոխարժեքի իջեցման և ինչ-որ կերպ ընթացիկ հաշվի մնացորդը ճիշտ պահելու նպատակ: Մյուս կողմից, հարկ է նշել, որ այս ճնշումը հիմնականում պայմանավորված է գնաճով: Սխալ չի լինի ասել, որ ինքնարժեքի միջոցով այս ճնշման իրականացումը կազդի միջնաժամկետ հեռանկարում բարձր տոկոսադրույքներով ներդրումների վրա: Առաջիկայում մեզ սարերի չափ խնդիրներ են սպասվում»:

Օղուզ Դեմիրն էլ այս որոշումը մեկնաբանել է իբրև՝ հետաձգված խնդիրների և ժամանակին չձեռնարկված քայլերի փոխհատուցում և եթե նախկինում ճիշտ քայլեր ձեռնարկվեին, իրենք չէին հայտնվի այս իրավիճակում: «Այնուամենայնիվ, հստակ երևում է, որ Կենտրոնական բանկը ընդունում է փոխարժեքի բարձրացման՝ տնտեսությանը պատճառած վնասը: Թուրքիայի տնտեսության մեջ փոխարժեքի թռիչքը ի հայտ է գալիս ոչ թե որպես խնդիր, այլ՝ արդյունք: Այդ արդյունքի վրա ազդող գործոնները դեռ առկա են: Սա քայլ էր  ցածր տոկոսադրույքների խնդիրը կարճաժամկետ հեռանկարում լուծելու ուղղությամբ: Այս քայլի վերաբերյալ իմ հիմնական մտահոգությունը կապված է առաջիկա ժամանակահատվածի հետ։ Պետք է նաև տեսնել, որ այս որոշման ամենալուրջ հետևանքը լինելու են արդեն իսկ համաճարակային շրջանում եկամուտներ կորցրած և բոլոր դրամական միջոցների հոսքը վարկերի փոխարկած վաճառականների, ձեռնարկությունների և քաղաքացիների առջև ծառացած նոր ծախսերը: Անհրաժեշտ է 2021թ. բյուջեն վերանայել` ելնելով հասարակության այն խավերի կարիքներից, որոնք որոշ ժամանակ խնդիրներ կունենան այս որոշման հետ և հաշվի առնելով համաճարակի արդյունքում ստեղծված փակ պայմանները, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ հիմքեր, հատկապես կանխիկ աջակցություն,  այդ հաստատություններին և քաղաքացիներին գոյատևելու հարցում օգնող մեխանիզմների ներդրման համար», - եզրափակել է տնտեսագետը:

Էմմա Արդարյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ