Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Արցախի հայության դեմ հանցանքի պատասխանատուների շղթան կարող է ձգվել

Արցախի հայության դեմ հանցանքի պատասխանատուների շղթան կարող է ձգվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետադարձ հայացք նետելով սեպտեմբերի 27-ից հետո արցախա-ադրբեջանական բախումներին՝ հնարավոր չէ չառանձնացնել, որ այսօրվա իրավիճակը ոչ թե սոսկ Ադրբեջանի, այլ նաեւ Իսրայելի, Պակիստանի, Թուրքիայի միջամտության, ակտիվ դերակատարության կամ մասնակցության հետեւանք է: Վերջինս ոչ միայն զենք ու զինամթերք է մատակարարել Ադրբեջանին, ոչ միայն ապահովել է նրան դիվանագիտական ճակատում, այլեւ զինվորներ ու մասնագետներ է ուղարկել Ադրբեջան, որոշ տեղեկությունների համաձայն՝  մի շարք գործողությունների ղեկավարումն իրականացրել է իր տարածքից, բացի այդ, հավաքագրել ու «եղբայրական» երկիր է ուղարկել վարձկան-ահաբեկիչների Սիրիայից, Լիբիայից ու Աֆղանստանից: Եվ նրան ոչինչ չի անհանգստացրել…

Պատերազմի հրձիգ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եվ չնայած այդ կարգավիճակը չի սթափեցնում նրան, չնայած նա ոչ միայն մասնակցում է մարտական գործողություններին, այլեւ ցեղասպանություն է իրականացնում՝ հայտարարելով, որ պետք է ավարտին հասցնեն 100 տարի առաջ իրենց նախապապերի կատարած գործերը՝ չթաքցնելով հայ ժողովրդի ֆիզիկական վերացման ձգտումը, ՆԱՏՕ-ն չի սանձում նրան: Այո, տուժում է նաեւ այդ կազմակերպության հեղինակությունը, որովհետեւ ՆԱՏՕ-ն այսուհետ ընկալվելու է որպես մի կառույց, որը թույլատրում է ցեղասպանությունները, եթե դրանք կատարել է իր անդամը:

Եթե ՆԱՏՕ-ին թվում է, որ համաշխարհային հանրության շրջանում գնահատվում է այդ դիրքորոշումը՝ ոչ մի կերպ «չհանձնելու» իր անդամին, ապա այդ կերպ նրա վարկը ոչ թե շահում է, այլ, ընդհառակակը, զրոյի հավասարեցվում: Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիային ընդունելով իր շարքերը եւ նրան զենք դարձնելով Ռուսաստանի նկատմամբ՝ ՆԱՏՕ-ն հաշվի չի առել, որ այդ երկրի անցած ճանապարհը հուշում է միայն մի բան՝ մի օր ստիպված են լինելու պատասխան տալ այն ստորությունների համար, որոնցով լի են Թուրքիայի ե՛ւ պատմությունը, ե՛ւ ներկան:

Եվ քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի գործողությունները, չի քննարկել նրան անդամությունից զրկելու հարցը, այդ կազմակերպությունը հավասարապես պատասխանատվություն է կրելու թուրքերի բոլոր ոճիրների համար:

Թուրքիան այնքան է լկտիացել, որ մարտահրավեր է նետել նաեւ նույն կազմակերպության անդամ այլ երկրների, այսինքն՝ իր դաշնակիցներին: Խոսքը Հունաստանի եւ Ֆրանսիայի մասին է: Փորձում է տիրանալ առաջինի ջրային տարածքներին ու նավթ արդյունահանել այնտեղից, ապա ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ֆրանսիայում: Էրդողանը մահմեդական ողջ աշխարհն ուղղեց Մակրոնի դեմ միայն այն բանի համար, որ վերջինս որոշել էր հանդես գալ որպես արժանապատվություն ունեցող տերության ղեկավար եւ իր երկրի սահմաններում սանձել այն մահմեդականներին, որոնք արտաքին ֆինանսավորմամբ իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք հարվածում են Ֆրանսիայի արժեքներին ու հիմքերին: Նույնը կատարվեց Ավստրիայի, Կանադայի դեմ:

Նշված թեմաներից յուրաքանչյուրը, անկասկած, առանձին ուշադրության կարիք ունի, եւ առաջիկա հրապարակումներում մենք կանդրադառնանք դրանց: Այստեղ ուղղակի շեշտենք, որ ՆԱՏՕ-ն, ըստ էության, կրկին լուռ է: Այս դեպքում այդ կազմակերպությունը նշված հարցերը կարծես դիտարկում է «ներքին խոհանոցի» տրամաբանության մեջ:

Իրականում ՆԱՏՕ-ն կքանդվի, եւ նրա ճակատին հավերժ դաջված է լինելու, որ ցեղասպան  Թուրքիային դարձնելով անդամ՝ կրում է դրա համար պատասխանատվությունը, իսկ հիմա, երբ չի սանձել նրան Արցախում, վերածվում է ցեղասպանության մասնակցի:

Ուշագրավ է, որ վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիական «Figaro»-ին տված հարցազրույցում պատասխանել է նաեւ այն հարցին, թե Թուրքիան, որն այսօր բաց հակամարտության մեջ է նաեւ բլոկի շատ անդամ պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Հունաստանի հետ, արդյոք դեռ տեղ ունի՞ ՆԱՏՕ-ում:

«Ես ու նախագահ Մակրոնը շատ ժամանակ ենք անցկացրել՝ քննարկելով Թուրքիայի վերջին գործողությունները, եւ եկել ենք միաձայն կարծիքի, որ դրանք շատ ագրեսիվ են եղել՝ թե նրա աջակցությունն Ադրբեջանին, թե նրա կողմից տարածաշրջանում սիրիական ուժերի տեղակայումը: Մենք նաեւ խոսել ենք Լիբիայում նրա գործողությունների մասին, որտեղ նա նույնպես ուժեր է ներգրավել երրորդ երկրներից, անդրադարձել ենք նրա գործողություններին Արեւելյան Միջերկրածովյանում: Այս ցուցակը կարելի է շարունակել եւ շարունակել: ԱՄՆ-ի դիրքորոշումը հետեւյալն է, որ հակամարտության միջազգայնացումը մահացու է եւ վնաս կհասցնի շահագրգիռ բոլոր պետություններին: Ուստի մենք խնդրանքով դիմել ենք բոլոր երկրներին՝ դադարել միջամտել Լիբիայի գործերին, եւ դա վերաբերում է ինչպես ռուսներին ու թուրքերին, այնպես էլ մյուսներին: Նույնը՝ կապված Ադրբեջանի հետ: Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահության անդամ ենք Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ: Հենց այդ համատեքստում է պետք կարգավորել իրավիճակը, եւ մեզ անհանգստացնում է Թուրքիայի ռազմական ներուժի ընդլայնված կիրառումը: Մենք արդեն արտահայտել ենք մեր անհանգստությունը մասնավոր կարգով եւ հրապարակայնորեն: Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն՝ Էրդողանին համոզելու համար, որ նման գործողությունները խախտում են իր ժողովրդի հետաքրքրությունները»,- հայտարարել է Պոմպեոն՝ ըստ էության, չպատասխանելով, թե այսպիսի Թուրքիան դեռ մնո՞ւմ է անվտանգային մի համակարգում, որն անվանվում է ՆԱՏՕ:

Տեղեկությունը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին ռազմական հարված հասցնելու ցանկություն է ունեցել եւ նույնիսկ հիմա մտածում է այդ մասին, կարող է կարծիք ձեւավորել, որ արցախյան պատերազմն այդ ծրագրի մի մասն է եղել, եւ ԱՄՆ-ի համար կարեւոր է եղել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի ամրապնդումն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը վերջիններիս մասնակցությամբ պոկեց Արցախի Հանրապետությունից: Իրանն այդպես էլ չհասկացավ, որ հայկական կողմին իր աջակցությունը պարտադիր էր իր իսկ անվտանգության տեսանկյունից, որ Իսրայելը հենց այնպես չի հետեւողականորեն զենք ու զինամթերք մատակարարում Ադրբեջանին:

Նույն հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարը, անդրադառնալով մերձավորարեւելյան ուղեւորությանը, խոսել է նաեւ այն վտանգի մասին, որը «ներկայացնում է Իրանը», որպեսզի նպաստի Իսրայելի ու արաբական երկրների մերձեցմանը:

«Մենք կշարունակենք շարժվել այդ ուղղությամբ՝ հասնելով խաղաղության ու կայունության, որը ենթադրում է Իսրայել պետությունը ճանաչել որպես բոլոր հրեաների հայրենիք: Մենք արդեն անցել ենք այն փուլը, երբ պաղեստինցիները կարող են խոչընդոտել այդ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Հպարտանում եմ այն աշխատանքով, որը կատարել ենք այդ ուղղությամբ, որովհետեւ կարծում եմ, որ այն վերջնարդյունքում կհանգեցնի նույն պաղեստինցիների վիճակի բարելավմանը: Մերձավոր Արեւելքում խաղաղության վերաբերյալ շռայլ առաջարկ ենք արել, սակայն պաղեստինյան ղեկավարությունը մերժել է մեր հայեցակարգը: Կարծում եմ՝ պաղեստինյան ժողովուրդը կցանկանար գնալ այդ ճանապարհով, եւ ես հույս ունեմ, որ այդ բանակցություններն արդյունքում կհանգեցնեն այն հարցի լուծմանը, որը մի քանի տասնամյակ ապակայունացնում է Մերձավոր Արեւելքը: Մենք կարեւոր փուլի ենք հասել: Հիմա մեզ վրա դրված են առեւտրային հարաբերություններ ու կապեր անվտանգության ոլորտում, որոնք կարեւոր են արաբական երկրների, Իսրայելի ու ողջ տարածաշրջանի համար: Հիմնական գիծը, որով ընթանում է մեր վարչակազմը, այն է, որ, ըստ մեզ, Մերձավոր Արեւելքում անկայունության հիմնական պատճառն Իրանն է, եւ հիմնական բախումը, որը խնդիրներ է ստեղծել ու ծնել ահաբեկիչներ, լինեն «Հըզբոլահը» Լիբանանում, շիական ընդդիմադիրները՝ Իրաքում կամ իրանական հետքը՝ Սիրիայում, կապված է ոչ թե պաղեստինցիների, այլ այաթոլլայի հետ: Ուստի մենք ձգտեցինք, որ նրանք հնարավորինս քիչ դոլարներ ու ռեսուրսներ ունենան՝ իրենց ատոմային ծրագիրն իրականացնելու համար: Մենք կշարունակենք ճնշում գործադրել: Առաջիկա շաբաթներին կմտածենք, թե ինչպես կարող ենք կրճատել Մերձավոր Արեւելքի իրավիճակի ապակայունացման նրանց կարողությունը: Հույս կա, որ մի օր իրանցիները վերջապես կստանան այն, ինչին արժանի են՝ ղեկավարներ, ովքեր գործում են հանուն Իրանի շահերի: Հիանալի կլիներ, եթե Իսրայելի գոյության իրավունքը ճանաչեր ողջ Մերձավոր Արեւելքը»,- ասել է Պոմպեոն:

Մնում է հարցնել՝ արդյոք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի այսօրվա դիրքորոշումն ու Իսրայելի՝ Ադրբեջանին ցանկացած գնով ու ցանկացած պահի օգնելու «մորմոքը» կապ չունե՞ն իրար հետ: Պոմպեոյի ելույթը լույս է սփռում նաեւ այն բանի վրա, թե ինչու է ՆԱՏՕ-ն լռում Թուրքիայի հարցում՝ անուղղակիորեն հայտարարելով, որ Թուրքիան Ռուսաստանի բարեկամը չէ (չէր էլ կարող լինել), ինչպես նաեւ բացատրում է այն փաստը, որ Թուրքիան Իգդիրում զորքեր է կենտրոնացնում՝ հարմար պահի մեր երկրին հարված հասցնելու, ինչպես նաեւ ռազմական հնարավոր այլ օպերացիաներին պատրաստ լինելու համար:

Թվում է՝ պատերազմն ավարտվել է, բայց դեռ բազմաթիվ խնդիրներ ու վտանգներ կան: Թոթափենք ամեն բան ու պատրաստ լինենք՝ չբացառելով իրադարձությունների զարգացման հնարավոր ոչ մի տարբերակ:

 

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]